Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների ցանկացած հանդիպում, որը ուղղված կլինի ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացի հասնելուն` Բաքվում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպումները անցկացվում են տարբեր մակարդակներում: Մենք ողջունում ենք ցանկացած հանդիպում, որի շուրջ պայմանավորվում են Ադրբեջանն ու Հայաստանը: Ամենակարևորը՝ մենք ողջունում ենք, երբ ձեռք է բերվում դրական արդյունք»` ասել է Զախարովան: Նա ընդգծել է, որ «Ռուսաստանը որպես միջնորդ երկիր ղարաբաղյան հակամարտության հարցում հանդես է եկել արդյունավետ և կառուցողական և շատ լավ է հասկանում այդ թեման»: Մարիա Զախարովան Բաքվում մասնակցում է արտաքին քաղաքականության տեղեկատվական հարցերով ադրբեջանա-ռուսական խորհրդակցություններին: