Թեև աղբահանության հարցը կապված է քաղաքային տնտեսության հետ, կառավարության ներկայացուցիչները, տարածքային կառավարման նախարարությունը անընդհատ այս հարցով զբաղվում են, հայտարարեց Փաշինյանը։ «Դուք գիտեք, որ աղբահանման համակարգը, ըստ էության, վստահվել է «Սանիթեք» ընկերությանը, որն այսօր, այո, ակնհայտորեն ձախողում է այդ գործընթացը։ Բայց մենք ունենք փաստ, որ ըստ էության քաղաքում այդ գործի համար մենաշնորհային իրավիճակ է ստեղծվել, և վերջին տարիներին այդ համակարգի կառավարումը պատշաճ չի իրականացվել, ու այսօր մենք կանգնել ենք այդ խնդրի առջև»,- պարզաբանեց վարչապետը։
«Իհարկե, այն իրավիճակը, որն այսօր կա մայրաքաղաքում, անընդունելի է։ Դա «Սանիթեք» ընկերության պատասխանատվությունն է և Երևանի քաղաքապետարանի ոչ հեռատես քաղաքականության հետևանքը»։ Որպես խնդրի լուծում՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ «էստեղ մենք լրջագույն հայեցակարգային եզրահանգումներ պիտի անենք, և կարծում եմ, որ տարբերակներից մեկն այն է, որ մայրաքաղաքի աղբահանությունը ոչ թե մեկ ընկերության, այլ մի քանի ընկերությունների վստահվի»։ Վարչապետը որպես ամենակարևոր խնդիրներից մեկը մատնանշեց աղբի վերամշակման գործարան ունենալը։ «Այսօր ես կարող եմ ասել, որ կան մի քանի ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում այս թեմայի նկատմամբ։ Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի վստահելի գործընկեր գտնել, որը կկազմակերպի ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև գուցե ամբողջ հանրապետության աղբահանումը։ Կամ մի քանի ընկերություններ, որոնց շղթայի մեջ պարտադիր օղակ է աղբի վերամշակումը»,- մանրամասնել է նա։