Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի թղթակից Յուրի Ռոքսն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 8-ին Մոսկվա այցին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությանը, որից առաջ ՌԴ նախագահի օգնական Ֆյոդոր Ուշակովն ասել էր. «Թե մեր, թե հայկական կողմի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել: Մոսկվան Երևանից անկեղծություն է ակնկալում»:
Ռոքսի համոզմամբ՝ պաշտոնյայի ասածի տողատակերում կարելի է հասկանալ ակնարկ, որ եթե հայկական կողմը մտադիր է ասել մի բան, բայց անել հակառակը, ավելի լավ է նման քայլի չգնա: «Հետադարձ հայացք գցելով մի շարք հետխորհրդային պետություններին՝ ակնհայտ է դառնում, որ նրանց կողմից Կրեմլին հիմարեցնելու ցանկություններն ու փորձերը ձախողվել են: Չի բացառվում, որ ՀՀ վարչապետը հաշվի է առել այս փորձը»,- շարունակում է հոդվածագիրը:
Ռոքսը ենթադրում է, որ բանակցությունների ընթացքում Մոսկվային կհետաքրքրեն հետևյալ հարցերը՝ Երևանի վարած քաղաքական գծի անփոփոխ լինելը, Հայաստանի կողմից Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանների վերանայման հավանականությունը, հայ զինծառայողների ուղարկումը Սիրիա, «VIP անձանց», մասնավորապես՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ միջպետական դաշինքներում պատասխանատու պաշտոններ զբաղեցնողների նկատմամբ դատական գործընթացները, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Հեղինակը մեջբերում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի տեսակետը, որ հայ-ռուսական հարաբերություններում իրավիճակն էականորեն չի տարբերվում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք եղած իրավիճակից:
«Փաշինյանը մտադիր է այդ հարաբերություններն ավելի արդյունավետ դարձնել: Սակայն չեմ կարծում, որ հիմա կարելի է խոսել կտրուկ փոփոխությունների մասին: Ներկայիս իրավիճակը դեռ միառժամանակ կպահպանվի: Մոսկվայում, հավանաբար, կքննարկվի քաղաքականությունը, որը մտադիր է վարել Հայաստանը: Իսկ այդ քաղաքականությունն իշխանափոխությունից հետո միայն հիմա է որոշվում»,-ասել է Իսկանդարյանը: