Աժ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ ՀՔԾ-ն իրեն մեղադրանք է առաջադրել և երկրից չհեռանալու ստորագրություն վերցրել:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հաստատեցին, որ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու (Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մաս) և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու (ՔՕ 310-րդ հոդված) համար։ Քննչական ծառայությունից հրաժարվեցին քրեական գործի հետ կապված այլ մանրամասներ հայտնել՝ նշելով միայն, որ մեղադրանքի համար ունեն բավարար ապացույցներ։ Պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում Հատուկ քննչական ծառայության հարուցած, ըստ իրեն՝ շինծու քրեական գործը կապել է սեպտեմբերի 4-ին կայքերից մեկին հարցազրույցում իշխանությունների գործելաոճը քննադատելու հետ։
«Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն», - գրել է Աբրահամյանը: Նախկին վարչապետը խոսել է նաև ավելի վաղ հարուցված քրեական գործի մասին, որի շրջանակում կալանավորված է իր եղբայր Հենրիկ Աբրահամյանը։ «Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք, իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա ներխուժեցին ինձ և ազգականներիս պատկանող բնակարաններ և շինություններ: Ոչ իմ փաստացի բնակության, և ոչ էլ հաշվառման վայրերում իրականացված խուզարկության արդյունքում որևէ անօրինական առարկա չհայտնաբերվեց, սակայն չնայած դրան իրավապահներն առգրավեցին իմ անձնագիրը՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրությունը», - գրել է Հովիկ Աբրահամյանը: «Խուզարկություն կատարվեց Մխչյանի մեխանիկական գործարանի տարածքում և նախ հրապարակայնորեն փորձ արվեց տարածքը կապել իմ անվան հետ, իսկ այդուհետ՝ այդ տարածքում հայտնաբերված զենքերը կապել Մարտի 1-ի հետ: Ակնհայտ է, որ փաստերի նման շղթայական խեղաթյուրման թիրախը ես էի», - նշել է նախկին վարչապետը՝ շեշտելով, որ առայսօր հրապարակված չեն զենքի փորձաքննության արդյունքները:
Այս պահին նպատակահարմար չհամարելով ավելին ասել և խոստանալով մանրամասներ ներկայացնել հետագայում՝ Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»: