Հայաստանում տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ, եթե գործարար միջավայրը և կառավարությունը կարողանան իսկապես գործընկերային հարաբերություններ հաստատել` հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանում ներդրումային համաժողովի ժամանակ։
«Կառավարության անելիքը սրա մեջ ենք տեսնում՝ հավասար հնարավորությունների, արդարության, հավասար մրցակցային պայմանների, օրինականության ստեղծումը, որովհետև, համաձայնեք, այն հին մոտեցումը, թե կառավարությունը պետք է գործարաններ ստեղծի, աշխատատեղեր բացի, այդ բանաձևը ժամանակակից աշխարհում այնքան էլ արդյունավետ չէ։ Մենք, ընդհակառակը, կարծում ենք, որ կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու, նոր տնտեսական գործունեության, ընկերություններ ստեղծելու հարցում պետք է դիմի այն մարդկանց աջակցությանը, ովքեր պրոֆեսիոնալ են այդ հարցում, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք դա անել և գիտեն ոչ միայն բացել, այլև դա շարունակել պահել, զարգացնել և ընդլայնել», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. «Այս համաժողովների հիմնական նպատակը հենց այս գրոծընկերությունը հաստատելն է, մեր մտադրությունները ևս մեկ անգամ բարձրաձայնելը, որ իսկապես նոր Հայաստանում ամենաբարձր գնահատվող մարդը պետք է լինի արդյունք ստեղծող մարդը, որոնք երկրի համար հարստություն են ստեղծում, իրենց համար են հարստություն ստեղծում, այդ ընթացքում նաև աշխատատեղեր են ստեղծում, այդ թվում՝ նաև հարկեր են գեներացնում և հնարավորություն են տալիս, որ մեր երկրի զարգացման մակարդակը բարձրանա բոլոր ոլորտներում՝ անվտանգության, պաշտպանության, կրթության և գիտության ոլորտում»։
Վարչապետն ընդգծեց՝ այն բոլոր խնդիրները, որ այսօր երկրում կան, կապված են պետական եկամուտների ծավալների հետ։ «Պետական եկամուտների ծավալների աճը մեծապես կախված է գործարար խավի ակտիվությունից՝ ինչքան երկրում ավելացված արժեք կստեղծվի։ Այսօրվա միջոցառումը կազմակերպել ենք, ձեզ հրավիրել ենք ընդգծելու համար այս հանգամանքը, որ ուզում ենք քաջալերել բոլոր գործարարներին, բիզնես հմտություններ և տաղանդ ունեցող բոլոր մարդկանց, որպեսզի նրանք իսկապես գործունեության այդ տեսակը ծավալեն նաև Հայաստանում, իսկ նրանք, ովեր սկսել են գործել, ավելի վստահ գործեն, ավելի երկարաժամկետ և ավելի մեծածավալ հեռանկարներ ունենան՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության, ի աջակցություն Հայաստանի ժողովրդի, հայոց բանակի և պետականության»։