Երևանն ունի բոլոր հնարավորթյունները դառնալու եվրոպական մշակույթի և տուրիզմի կենտրոններից մեկն, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ կուսակցությունը վաղվանից կսկսի քարոզարշավն ու կներկայացնի իր ծրագիրը։
«Երևանը կենդանի օրգանիզմ է, որի արյունատար ամբողջ համակարգը խախտված է։ Քաղաքային տարբեր իշխանություններ փորձել են ստենտներ տեղադրելով կարճաժամկետ լուծումների ճանապարհով գնալ, բայց այլևս պահանջվում են խորքային լուծումներ, երկարաժամկետ լուծումներ։ Աղբահանության մասին անիմաստ է խոսելը, դա կատաստրոֆա է, ամեն օր մենք տեսնում ենք աղբի բլրաքաղաքներ Երևանում, վերելակայն տնտեսություն, բնակֆոնդ։ Ամենակատաստրոֆիկ խնդիրներից մեկը նաև Երևանի թոքերն են, Երևանն այսօր չունի կանաչ իր բուֆերային գոտիները, ամբողջը ոչնչացվել է և Երևանի կանաչ թոքերն այլևս չկան։ Բոլոր խնդիրների վերաբերյալ մենք առաջարկում ենք լուծումներ և մատնացույց ենք անում այն ռեսուրսները, այն ներդրողներին, ովքեր ստանձնել են պատասխանատություն՝ անելու ներդրումներ այդ խնդիրները լուծելու համար», - ասաց Զոհրաբյանը։
ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ համար Պետրոս Ղազարյանը նշեց՝ իրենց նպատակն է խաղաղ, մրցակցային, ազնիվ ընրություններ անցկացնելը։ «Մեր նպատակն է խաղաղ, մրցակցային, ազնիվ ընրություններ անցկացնելը, որի ավարտին բոլոր ուժերը կշնորհավորեն հաղթողներին, կամ հաղթողին, և մենք արդեն նոր մշակույթ կձևավորենք ընտրական առումով։ Սա նաև կլինի ամենամեծ հարվածը հակահեղափոխությանը․ եթե մենք կարողանանք անցկացնել միջազգային չափանիշների ընտրություններ, սա կլինի հեղափոխության ամենամեծ հաղթանակը», - ասաց Ղազարյանն՝ ընդգծելով, որևէ ֆեյքային պատերազմի մեջ չեն մտնելու, որևէ մեկին չեն սևացնելու, սևացնողներին էլ չեն պատասխանելու, իրենց քննադատությունը կապված է լինելու միայն ծրագրերի հետ։