Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանում Իսրայելի պաշտպանության նախարարը: Ավիգդոր Լիբերմանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՊՆ նախարար Զաքիր Հասանովի և կառավարության այլ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերն ու ռազմատեխնիկական ոլորտում իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:
Ադրբեջանն իսրայելական արտադրության զենքի մշտական գնորդներից է: Միայն վերջին տարիներին Բաքուն 1 միլիարդ 600 միլիոն դոլարի զենք է ձեռք բերել Իսրայելից, որը կիրառել է 2016 -ի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում:
Ադրբեջանական բանակի վերջին ձեռքբերումներից մեկն իսրայելական LORA օպերատիվ -մարտավարական հրթիռային համալիրն է, որը կարող է կիրառվել ցամաքում ու ծովում` ենթակառուցվածքների, հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման նպատակով և ի վիճակի է խոցել մինչև 300 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ: