ԱՄՆ նախագահ Թրամփի եւ ՀՀ վարչապետ Փաշինյանի հնարավոր հանդիպումից պետք չէ ակնկալել քաղաքական լուրջ շրջադարձ, հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում նշել է նախագահներ Նիքսոնի, Ռեյգանի եւ Բուշի աշխատակազմերի անդամ Արամ Բախշյանը. «Դա հավանաբար քաղաքավարության հանդիպում կլինի, երկու կողմերից բարի կամքի դրսեւորման նշան, այլ ոչ թե քաղաքական նժարի լուրջ փոփոխություն»` հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Բախշյանը երկար տարիներ երեք նախագահների համար ելույթներ է գրել եւ քաջատեղյակ է Սպիտակ տան աշխատանքի կանոններին, նա ընդգծել է՝ Թրամփ-Փաշինյան հանդիպումը կարող է կայանալ միայն, եթե ՀՀ ԱԳՆ-ն և ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կարողանան նուրբ արարողակարգ մշակել: «Հայ-ամերիկյան հարաբերություններում որեւէ սրված հարց չկա, չկան նման հարցեր նաեւ հայ-ռուս-ամերիկյան հարաբերություններում:
Այսպիսով, որեւէ ճգնաժամ, որն անհապաղ քննարկման կարիք ունենար, չկա: Ուստի, նման հանդիպումը, եթե տեղի ունենա, լինելու է բարի կամքի դրսեւորում: Սակայն, չմոռանանք, որ այսօր կան բազմաթիվ այլ, ավելի սուր հարցեր այլ երկրների հետ, որոնք լուծում են պահանջում, ինչի արդյունքում բարի կամքի հանդիպումը կարող է չկայանալ, քանի որ, կրկնում եմ, որեւէ ճգնաժամ երկու երկրների հարաբերություններում չկա»,-ասել է նա: Այլ պետությունների ղեկավարներ, որոնք իրոք ունեն ԱՄՆ-ի հետ չկարգավորված հարցեր եւ ցանկանում են հանդիպել նախագահ Թրամփին, կարող են առաջ ընկնել` ընդգծել է Արամ Բախշյանը. «Այս դեպքում, հարցը վերաբերում է այդ հանդիպումը նախապատրաստելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ունակությանը, քանի որ, սուր խնդիրների բացակայության պայմաններում բարի կամքի հանդիպումն այն հարցը չէ, որով պետք է մտահոգվեն անձամբ երկու պետությունների ղեկավարները»:
Նյու Յորքում սեպտեմբերի 24-28-ին ՄԱԿ-ի նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կոչով են դիմել մի քանի տասնյակ կոնգրեսականներ եւ ԱՄՆ-ի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: