Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Աքլորականչ

Աքլորականչ
18.09.2018 | 01:47

-Ախչի Շուշո՛, աչքդ լու՛յս, քո ղարիբն էկավ բանտից... Էսօրվանից թթված մռութդ կբացվի, առավոտները արդեն ուշ կելնես տեղաշորից, մեկի փոխարեն հիմա երկու բաժակ սուրճ կեփես, հետո անմարդ-աներեխա մենակության մաղձը անասունների վրա չես թափի, վախվորած մլավոցով հաց ուզող էն խեղճ կատվին էլ ճիպոտով չես դաղի. ո՞ր մեկն ասեմ,- հարևանուհուն գրկեց Մարոն ու ականջին մի երկու բառ շշնջաց:
-Մարո՛ ջան, ամո՛թ է, հանկարծ չլսե՛ն,- հարևանուհու թևը ծիծաղով սեղմեց Շուշանը և շտապեց սեղան գցել:
ՈՒնեցած-չունեցած երկու գառն էլ մորթեցին, դուռ ու դրկից, հարազատ-բարեկամ եկան մատաղ ուտելու։
Արմենի մեջ մի թաքուն ու անհանգիստ վախ կար անգամ բաժակը խփելիս: Նրա ներքին, բայց չթաքցվող տագնապը նկատողները մտածում էին. «Դե հո էդքան շուտ բանտը դուրս չեկա՞վ միջից»։
Էս անտեր ցերեկը Շուշանի աչքին ոնց որ շատ երկարեց... Կեսգիշերին գինովցած թամադան վերջինը հրաժեշտ տվեց. «Արմե՛ն ջան, չնայած տասը տարի իզուր նստեցիր քեզ վրա զոռով-շառով կարած սպանության գործով, ու մարդասպանն էլ եվրոպաներում ազատ թափառում է, բայց դե, գոնե էկար քո ընտանիքի գլխին: Էլի փառք տուր, որ սովետի բանտից առողջ եկար»:
Շուշանը արագ-արագ անկողին գցեց: Տասը տարի սպասել էր էս պահին, սիրտը թպրտալու չափ խփում էր, կարծես առաջին անգամ է... Անկողինը տասը տարի տղամարդ չէր տեսել: Դեռ մի կարգին կնիկություն էլ չհասցրեց անել, երեխա ունենալ, երբ Արմենին դատեցին: Թեև շատ էր կարոտել, բայց ամոթխածորեն փարվեց ամուսնուն: Աչքերն էր համբուրում, շուրթերը... Արմենը ծանր տնքաց: Կինը սկզբում ոչինչ չհասկացավ ու փորձեց նախ փաղաքշանքով հանգստացնել ամուսնուն. «Արմե՛ն ջան, երևի շատ խմեցիր, ոչի՛նչ, մի՛ լարվիր, քիչ հետո կկարգավորվես...»: Երկու-երեք ժամում մի քանի անգամ «քիչ հետո» ասելուց Շուշանը զգաց, որ ամուսնու մեջ բանտը սպանել է տղամարդուն... Շուշանը ցավից փղձկաց, Արմենը բռունցքով կատաղած հարվածեց մահճակալի կողքի սեղանին, մատաղի մի քանի սառած կտորները հասան դռան մոտ...
-Արմե՛ն ջան, էդ մուրազամեռ բանտը քեզ ի՞նչ օրն է գցել: Ոչի՛նչ, մի՛ ընկճվիր, գուցե մի օր... Ի՞նչ արած, մեր ցավը մեր մեջ տանենք, ոչ ոքի չասենք, քո հպարտությունը մի կոտրիր... Ասում են՝ երբ բոլոր դռները փակ են թվում, Աստված մի գաղտնի դուռ միշտ բաց է պահում: Ախր ես քեզ երկրորդ տարին նամակ գրեցի, խնդրեցի, որ ընտանեկան ընդունելություն խնդրես՝ գոնե մի էրեխա ունենայինք, որ ամեն օր քո նկարի ու տան պատերի հետ կռիվ չանեի...
Արմենի բռունցքի ավելի կատաղի երկրորդ հարվածից վաղուց ճոճվող սեղանի ոտքը կոտրվեց: Մութ էր, ու կինը չտեսավ ամուսնու ծանր արցունքները: Թեև զգաց, բայց չնկատելու տվեց:
-Շուշա՛ն ջան, հասկանում եմ տառապանքդ, բայց Սիբիրի էդ բանտում ուրիշ օրենքներ էին: Գողերն ու զոռբաները թույլ տղամարդկանց էին բռնաբարում կամ էլ կանացի պատահական նկարի նայելիս՝ հանգստանում էին: Ամեն ինչ բարաք կոչված նույն սենյակում էր՝ հենց անկյունի պպզովի բաց զուգարանին: Ես երկուսից էլ զզվում էի: Ֆիզիկապես ուժեղ էի, վախենում էին ինձ փչացնել, համ էլ հավատացել էին, որ ես մարդ եմ սպանել... Դե՛, ես էլ բոլորին չէի կարող համոզել, որ մարդասպանը դրսում ման է գալիս: Համ էլ՝ դրա համար կարող էին պատիժս ավելի խստացնել: Սպանողը վերևներում շատ մեծ թիկունք ուներ: Տասը տարի կին չեմ տեսել, երրորդ տարվանից մեջս ամեն ինչ մեռավ: Երբ այդքան սպասված ազատման հրամանը ստացա, դողում էի այս պահի համար, աչքերիդ մեջ առաջվա պես նայելու համար... Ի՞նչ անեմ, ես ամորձատված եզան պես կբանեմ ու քեզ կպահեմ... Բայց դու շատ ես ջահել, ես այդքան ուժ կունենա՞մ քո լուռ տանջանքը տանելու:
Շուշանը ձեռնափով փակեց ամուսնու բերանը՝ «Դե՛, դե՛, էդ թեմայով այլևս չխոսես»... Արմենը զայրույթը հայհոյանքով ավարտեց. «Սովետի դատ ու դատաստանը...», իսկ Շուշանը՝ «Սովետի գլուխը թաղեմ»: Նույն բարձը երկու տեղով թրջվել էր ցավի ու ոչ մի կերպ չմարվող կարոտի դառը կաթիլներից: Գիշերվա անպտուղ գալարումները շարունակվեցին մինչև ադամամութ, երբ կինը տանջահար վեր կացավ, խալաթը վրան գցեց, շտապեց գոմ՝ միակ կովը կթելու, որ նախրից չուշացնի: Արմենը մնաց անկողնում: Դեռ լույսը կարգին չէր բացվել, դուռը թակեցին: Հին ընկերներից էր, նախորդ օրը գյուղում չէր, մութուլուսին եկել էր աչքալուսանքի:
-Արմե՛ն, էդ հլա պառկա՞ծ ես: Հա՜, ասենք՝ մեղրամիս է սկսվել,- կատակեց հարևանը, համբուրեց Արմենին և առանց հրավերի մոտեցավ սեղանին: Օղու բաժակը բերնեբերան լցրեց, մի ումպով առանց խոսելու գցեց, երկրորդը լցրեց ու հասցրեց ընդամենը ասել. «Փա՛ռք տանք, որ ողջ-առողջ եկար, խեղճ Շուշանի ամենօրյա ցավն ու հոգսը պրծավ: Արմե՛ն ջան, ախպերական մի բան ասեմ՝ կինդ լույսի պես մաքուր է ու հպարտ, հալալ կաթնակեր է»: Ընկերը, իր արժեքավոր լուրից գոհ, երրորդ բաժակն էլ նույն եռանդով դատարկեց. «Հիմա շտապում եմ, հետո կգամ՝ կարգին կուրախանանք»:
Օրվա ընթացքում երեկվա բացակա աչքալույս տվողներից եկան, մատաղ կերան, կենացներ շռայլեցին ու հրաժեշտին մի կեսբերան փառք տվին. «Շուշանի չարչարանք՝ ապաշխարանք»: Աչքալուսանքի եկողները շատ էին, իսկ գոմում մորթելու պիտանի միայն կարմիր աքլորն էր մնացել: Ամեն առավոտ աքլորը ժամանակացույց ծուղրուղուով Շուշանին հիշեցնում էր, որ տանը էլի շնչավոր կա... Ցերեկով կուտ տալիս՝ Շուշանը մեկ-մեկ աքլորի հետ էր խոսում՝ «Ա՛յ թևավոր բարեկամ, Արմենս երբ գա, ու քեզնից բացի մորթելու բան չլինի, քեզ մատաղ անելու համար Աստծուց մեղքի թողություն կխնդրեմ, ու նոր կմորթենք: Չէ՛, չէ՛, ուրիշից պարտքով կուզենք, դու մնա՛, դու իմ չարչարանքի վկան ես, իմ կարմիր աքլոր»:
Բանտի հսկիչից ավելի շատ Արմենը գիշերից էր վախենում, իսկ նա անողոքաբար մոտենում էր։ Շուշանը, համարյա հուսահատ, ջանում էր ամուսնու մեջ արթնացնել վաղուց մեռածը: Արմենն ավելի էր լարվում, գիշերը դժոխքի էր վերածվում, իսկ ամոթափրկիչ առավոտը ուշանում էր։ Ցերեկը գոնե այգում գործ կանի: Բայց դե էդ էլ մի բան չի. անցնող ու դարձող աչքալուսանք է տալիս: Իսկ կովերի հետևից գնացող գյուղի նախրչին էլ ոչ տարավ, ոչ բերեց, առավոտ լուսումութին Արմենի թևից քաշեց. «Ախպերացու՛, ճիշտ է՞, ասում են՝ բանտում նստածներին փողով կնիկ են հյուրասիրում, հեչ փորձե՞լ ես...»: Հակառակի պես, Շուշանն էլ շատ հեռու չէր, լսեց... Բահի ամուր պոչը ցավից կոտրվեց Արմենի ձեռնափերում, իսկ Շուշանը թաքուն շշնջաց. «Սովետի գլու՛խը թաղեմ...»: Ամոթից նեղված՝ նախրչին, որպես ներողություն, մահակի մի ծանր հարված հասցրեց կովի հետևից վազող ցուլի մեջքին. «Անամո՛թ կենդանի, ոչ տեղ գիտես, ոչ ժամ ու ժամանակ»:
Արմենը ցերեկով անցուդարձից հեռու էր գործ անում՝ չլսելու ավել-պակաս խոսքերը։ Կեսօրին Ռուսաստանից քավորը եկավ՝ նվերով, կոնյակ-շոկոլադով: Երբ Շուշանը գնաց խոհանոց մատաղը տաքացնելու, քավորն անկեղծացավ՝ «Արմե՛ն ջան, գործերս լավ են, մի ռուս կնգա հետ էլ կապվել եմ, ինձ առոք-փառոք պահում է, հլա ուզում է երեխա էլ ունենանք: Դե, կնոջս էլ երեք ամիսը մեկ էստեղ փող եմ ուղարկում, տունը, էրեխեքին յոլա է տանում: Մի քանի օրից կգնամ: Էդ կողմերը որ գաս, իմ հյուրը կլինես, քրոջն էլ քեզ հետ կծանոթացնեմ»:
«Բանտում ավելի հանգիստ էի, էս ինչ դժոխք է»,- ատամները թաքուն սեղմեց Արմենը՝ լցնելով քավորի բաժակը: Երեկ հարևանը Արմենին պատմել էր, որ իր քավորի կինը վաղուց արդեն սիրեկան է պահում և էնքան էլ ուրախ չէ, որ ամուսինը Ռուսաստանից մի քանի օրով Հայաստան է գալիս: Բայց դե, գալու դեպքում սիրեկանին զգուշացնում է, որ իրենց թաղերում հանկարծ չերևա, համ էլ՝ ամուսնու գրպանները կարգին թափ է տալիս: Սիրեկանի աչքը լույս...
-Արմե՛ն ջան, գիտես՝ մի կարգին հավատացյալ էլ չեմ, բայց խոստացել էի՝ երբ որ գաս, եկեղեցում մոմ պիտի վառեմ,- ասաց Շուշանն ու միամտաբար ավելացրեց,- համ էլ՝ Աստծուց գոնե մի բան էլ ես խնդրեմ...
-Շուշա՛ն, ինձ ու Աստծուն հանգի՛ստ թող,- մռայլվեց Արմենը՝ թուքը արճճի ծանրությամբ կուլ տալով՝ «Սովետի դատ ու դատաստանը...»: Շուշանը վախից մտքում շարունակեց.՝ «Սովետի գլու՛խը թաղեմ»:
-Արմե՛ն,- համառեց Շուշանը,- ես որ իմանայի, տունը կծախեի ու կգայի Սիբիր ապրելու՝ բանտին մոտիկ...
Արմենը գորովանքով նայեց կնոջը: Շուշանի մազերում ճերմակն արդեն սկսվել է... Կսկիծը սեղմեց սիրտը:
-Իմ լա՜վ Շուշո, դու առանց այն էլ ինձ շատ ես օգնել, ինձնից շատ տառապել: Իմ կամեռի տղերքը ուզում էին ինձ էլ ներքաշել պլան ծխելու և փողով թղթախաղի մեջ: Ով կրվում էր և փող չուներ փակվելու, որոշում էին, որ կրվողի կինը, քույրը կամ աղջիկը պիտի մի քանի ժամով պառկի կրողի հետ բանտի տեսակցությունների խցում: Մեր բարաքի կրվողներից մեկը նամակ գրեց կնոջը, որ եթե չգա բանտ ու չտրվի կրողին, իրեն սպանելու են: Խեղճ կինը, նվաստացման արցունքները կուլ տալով, եկավ բանտ: Մի ամոթխած գեղեցկուհի էր: Տեսակցության խցում աչքերը փակ, ատամները սեղմած ու մղկտալով ենթարկվել էր իր ամուսնուն կրողին: Տասն օր հետո քսիվ եկավ, որ տուն հասնելուն պես կինը, չդիմանալով նվաստացմանը, թույն էր խմել: Գողերը որոշեցին ու հենց այդ գիշերն էլ ստիպեցին, որ ամուսինը սեփական պռոստինը կտրտի, պարան սարքի ու կախվի: Պատահում էր՝ երբ կրվողը պարտքը փակելու հարսնացու չէր կանչում, հենց կրվողին «հարսանիք» էին սարքում: Մի սպիտակ սրբիչ, որպես պսակ, դնում էին գլխին, տաշի-տուշիով հարսանիք սարքում, թավանի տակ մնացածին հարսնացու դարձնում՝ հերթով փչացնելով նրան: Էդպիսի կալանավորին արդեն պահում էին որպես բարաքի հարսնացու...
Կեսգիշերն անց էր: Շուշանը չուզեց ամուսնուն ավելորդ ցավ պատճառել, շրջվեց, որ գոնե Արմենը քնի... Շուշանը երազում անհանգիստ շարժումներ էր անում... Վերմակն ընկավ գետնին: Լուսնի կաթնագույնով ինչ հրաշալի էին կնոջ ճերմակ կուրծքն ու ոտքերը... Արմենը կամեցավ գրկել կնոջը, շոյել չքնաղ կուրծքը, բայց սթափվեց՝ «Որ զարթնեց, ի՞նչ պիտի անեմ, ընդամենը հոգու ցավը պիտի ավելացնեմ»: Արմենը հմայվել էր, լուսինը՝ քարացել... Ծղրիդները թախծոտ օրորում էին գիշերը: Աչքերը կամա՜ց-կամաց փակվեցին, ու երազները Արմենին տարան ձորաբերանի ծիրանենու մոտ՝ տասը տարի առաջ... Շուշանին էր սպասում... Գիշերը բարեկամ էր, ու երկուսն էլ չիմացան, թե ինչպես քանդվեցին Շուշանի հագուստի կոճակները, և լուսնի կաթնագույնը շաղվեց աղջկա ճերմա՜կ-ճերմակ կրծքին: Ժամանակը կանգ էր առել... Շուշանը քնել էր կիսաբաց: Արմենը գրկեց Շուշանին... Գիշերը հեքիաթ էր, ու Շուշանը գալարվում է Արմենի գրկում...
Գիշերն արդեն հալվում էր, ու հանկարծ աքլորը կանչեց... Ցնդեց, չքացավ տեսիլքը... Արմենը սթափվեց, աչքերը զգուշորեն տրորեց ու զգաց, որ ամեն ինչ երազ էր։ Շուշանը լուսնալույսի մեջ երազի պես գեղեցիկ էր՝ ինչպես առաջին հանդիպմանը։ Արմենը հանկարծ զգաց, որ մի հին ծանոթ զգացում, մի տաք ջերմություն խաղում է իր երակներում... Ձեռքը երկյուղածորեն ներքև իջեցրեց ու կրկին զգաց տղամարդու հպարտությունը... Չհավատաց, կրկին շոշափեց, կրկին զգաց իր երակներում արթնացած տղամարդկային երանությունը... Մի քանի վայրկյան կրկին ու կրկին համոզվեց, որ ինքը կրկին տղամարդ է... Կամաց գրկեց կնոջ մերկ մարմինը... Շուշանը չհասկացավ՝ երազու՞մ է, թե՞... Նա դարձյալ առաջին գիշերվա պես այնքան հմայիչ էր, որ ամուսինը ոչինչ չխոսեց: Քնած փոթորիկն արթնացել էր տասը տարվա անտղամարդ անկողնում...
Աքլորը կրկին կանչեց, և Շուշանը վերջապես համոզվեց, որ աքլորականչը իրական է։ Այդ առավոտ կարմիր աքլորը երեք անգամ սովորականից ավելի զիլ կանչեց՝ Շուշանին հիշեցնելով խաղաղ արևագալի մասին։ Իսկ անկողնում փոթորիկ էր...


Վրեժ
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 96916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ