Գերմանիայի իշխող կոալիցիայի ղեկավարները երեքշաբթի երեկոյան, երկու ժամ շարունակված դռնփակ հանդիպման արդյունքում, երկրի հակահետախուզության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենի պաշտոնանկության մասին որոշում են կայացրել:
«Սահմանադրության պահպանության ծառայություն»( BfV) կոչվող գերատեսչության ղեկավարին կասկածում են ծայրահեղ աջ հայացքներ ունեցող քաղաքական գործիչների հետ սերտ շփումների և նրանց նկատմամբ անթաքույց համակրանքի մեջ: Մաասենը մի քանի շաբաթ առաջ հանդիպել էր աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ղեկավարներին, իսկ Հեմնից քաղաքում ծագած բողոքի ակցիաների և բախումների ֆոնին կասկածի տակ էր առել ներգաղթյալների դեմ հարձակումների փաստը: Հանս Գեորգ Մաասենը իրավապահ համակարգից չի հեռացվել և այսուհետ կզբաղեցնի ներքին գործերի նախարարության անվտանգության գծով պետքատուղարի պաշտոնը:
Մաասենի հրաժարականի պահանջով հանդես էին գալիս կառավարության մաս կազմող սոցիալ-դեմոկրատները: Քրիստոնյա-դեմոկրատներն ու Բավարիայում գործող Քրիստոնյա-սոցիալական միության ներկայացուցիչները շարունակում են վստահել Մաասենին:
«Ես որևէ տեղեկություն չունեմ, որ դաշնային կանցլերն այլևս չի վստահում Մաասենին: Որոշիչն այստեղ, սակայն, ոլորտը համակարգող նախարարի վստահությունն է»,- Բեռլինում մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը: