Բաքուն «անհիմն և անհարկի» է որակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի առնչությամբ Ադրբեջանին հասցեագրած մեղադրանքները: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին, չարաշահում է իր պաշտոնական լիազորությունները և դուրս է գալիս կազմակերպության մանդատի շրջանակից: Հայկական քաղաքացիություն ունեցող գլխավոր քարտուղարի հայտարարությունը սուբյեկտիվ է և կանխակալ, հակասում է հակամարտության վերաբերյալ կազմակերպության անդամ երկրների դիրքորոշմանը՝ բացառությամբ Հայաստանի»: Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միտումնավոր լռության է մատնում Հայաստանի Զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքի գնդակոծման փաստերը: Բաքուն նաև հայտարարում է, թե լարվածության աճին ու բանակցային գործընթացի խաթարմանը նպաստում են «Հայաստանի վարչապետի անիմաստ և հակասական հայտարարությունները»: