ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի բարձրաստիճան ղեկավարները երբեք չեն ընդունի հանդիպումներ անցկացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի առաջարկները`ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
«Դրանք Թրամփի երազանքներն են, որոնք երբեք իրականություն չեն դառնա»,- ասել է Վելայաթին՝ մեկնաբանելով բարձրաստիճան ղեկավարների մակարդակով հանդիպելու և հրատապ հարցերը քննարկելու Վաշինգտոնում հնչող առաջարկները: Այաթոլայի խորհրդականը նաև պնդել է, թե ԱՄՆ-ին չի հաջողվի զրոյի հասցնել Իրանից հում նավթի արտահանումը:
Մայիսին նախագահ Թրամփը հայտարարել է Իրանի և միջազգային տերությունների կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու մասին, միաժամանակ նշելով, որ Ամերիկան պատրաստ է Իրանի հետ քննարկել նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը: Թեհրանի համոզմամբ, նոր պայմանագիրն անիմաստ է և հարկ է իրագործել 2015 թվականի փաստաթուղթը, որով Իրանը սառեցնում է միջուկային հետազոտությունները, իսկ միջազգային համայնքն աստիճանաբար չեղարկում է Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները: Դա Իրանին ընձեռում է նավթն արտահանելու և արևմտյան երկրների հետ առևտուրը վերականգնելու հնարավորություն: