«ԱՄՆ-ը այսօր շատ ավելի ուժեղ է քան երկու տարի առաջ, երբ ես ստանձնեցի նախագահի պաշտոնը»` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 73-րդ նստաշրջանի լիագումար նիստում հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփը` դիմելով դահլիճում հավաքված պետությունների ղեկավարներին: Սպիտակ տան ղեկավարը պնդեց, որ Վաշինգտոնը ցանկանում է հարաբերություններն աշխարհի հետ կառուցել իրավահավասարության սկզբունքի վրա: «ԱՄՆ-ը ձեզ չի թելադրի, թե ինչպես ապրել, աշխատել կամ աղոթել: Մենք միայն մի խնդրանք ունենք փոխարենը` դուք էլ հարգեք մեր ինքնիշխանությունը», - հայտարարեց Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից:
Նրա ելույթի զգալի մասը նվիրված էր Իրանի հետ հարաբերություներին: ԱՄՆ նախագահը շարունակում է կոշտ հռետորաբանություն կիրառել` կոչ անելով միջազգային հանրությանը հետևել Վաշինգտոնի քայլերին․ «Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին մեկուսացնել Իրանի վարչակազմը, քանի դեռ նա շարունակում է իր ագրեսիան: Իրանի ղեկավարները շարունակում են քաոս, մահ և ավերածություններ տարածել: Նրանք չեն հարգում իրենց անմիջական հարևաններին, այլ պետությունների ինքնիշխանության սկզբունքը: Փոխարենը Իրանի ղեկավարները թալանում են երկրի ռեսուրսները` գնալով ինքնահարստացման ճանապարհով: Իրանի ժողովուրդն իրավացիորեն վրդովված է, որ իր ղեկավարները երկրի հարստությունը հանդիսացող միլիարդավոր դոլարներ են թալանել»: Խոսելով սիրիական խնդրից` Թրամփը կրկին կենտրոնացավ Իրանի հարցի շուրջ: Նրա պնդմամբ, Սիրիայում խաղաղ կարգավորման որևէ տարբերակ չի կարող գործուն նշանակություն ունենալ, եթե չի լուծում Թեհրանի միջամտության հարցը սիրիական պետության ներքին գործերին:
ԱՄՆ-ի նախագահի համոզմամբ, իր մերձավորաևելյան քաղաքականության ևս մեկ ակնառու հաջողությունը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն էր․ «Այս տարի մենք ևս մեկ կարևոր քայլ ձեռնարկեցին Մերձավոր Արևելքում: Ես տեղափոխեցի ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ: Մեր արտաքին քաղաքականությունը չպետք է պատանդ լինի տարատեսակ հին դոգմաների, վարկաբեկված գաղափարախոսությունների և այսպես կոչված փորձագետների ձեռքում, որոնց հաշվարկները տարիներ շարունակ կրկին ու կրկին սխալ են դուրս գալիս»:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում Թրամփը բավական կոշտ քննադատեց նաև Գերմանիայի իշխանություններին, որ շարունակում են համագործակցել Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք» խողովակաշարի կառուցման գործում. «Եթե Գերմանիան անհապաղ չփոխի իր քաղաքականությունը, լիակատար էներգետիկ կախվածության մեջ կընկնի Ռուսաստանից»: