Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր է լինեն վերջինը, որ կպահանջեն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը` հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, նշելով, որ նոր Հայաստանում «Ժառանգությունը» նոր ձևաչափով հանդես գալու կարիք ունի։
Ակնկալվում է, որ կծնվի նոր «Ժառանգություն», նոր դեմքերով և նոր ղեկավարությամբ։ «Շեշտը պետք է դրվի նորարար, բովանդակությունների ձևաչափերի վրա՝ չբացառելով եղած, ավանդական, հին և նոր կուսակցությունների մասնակցությունը։ Ես դեմ եմ արհեստական, կեղծ ժամանակագրական բարիկադների, պատնեշների: Բոլորը պետք է կարողանան իրենց իմաստավորել այդ շրջանում։ Այնպես չէ, որ հին Հայաստանը մնաց հնում, քաղաքական դիակներ կան և հիմա միայն նորը։ Բայց պարզ է, որ նոր Հայաստանին հարիր նոր մոտեցում է պետք», - ասաց նա։ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք ավագանու ընտրություններին չէին մասնակցում հաղթելու համար. «Մենք մասնակցում էինք ոչ թե որևէ մեկին հաղթելու կամ պարտվելու համար, այլ նաև մեր առաջարկը, մեր այլընտրանքը և մեր ձեռագիրը թողնելու համար, և կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց։ Մենք պատրանքներ չունեինք: Շնորհակալություն ենք հայտնում այն քաղաքացիներին, ովքեր խղճի մտոք քվեարկեցին մեր օգտին, մեր համակիրներին, ովքեր ստեղծված իրավիճակում քվեարկեցին մեկ ուրիշ ցուցակի օգտին: Նաև նրանց, ովքեր իրենց չմասնակցությամբ դիրքորոշում արտահայտեցինք: Բոլոր դեպքերում պարզ էր, որ հետհեղափոխական այս վիճակում ոչ բոլոր մեր ընտրողները եկան ընտրատեղամաս: Բայց բոլոր դեպքերում առարկայական արձանագրումը սա է իրականության, և դրա համար մենք կարող ենք միայն ուրախանալ»: