Նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, գործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչման հետագա քայլերին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը: Այդ համատեքստում նա կարևորել է ԵՄ համընդգրկուն աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին: Անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին` վարչապետը նշել է, որ ձայների ավելի քան 80 տոկոսը ստացել է «Իմ քայլ»-ը դաշինքը, որ նշանակում է հասարակությունը կողմ է քվեարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին:
Վարչապետը հավելել է նաև, որ ընտրություններն անցկացվել են ազատ և թափանցիկ, իսկ պարտություն կրած մյուս քաղաքական ուժերը շնորհավորել են հաղթանակ տարած քաղաքական ուժին, որ աննախադեպ է Հայաստանում և կարող է դառնալ քաղաքական լավ մշակույթ: Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ առաջիկայում պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններ վարել քաղաքական մյուս ուժերի հետ:
Յոհաննես Հանը նշել է, որ Եվրամիությունը հետևողականորեն շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության խթանմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակում նպաստելով Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, օժանդակելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը: Յոհաննես Հանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ-ի հետևողական օժանդակությունը` ըստ ՀՀ կառավարության առաջնահերթությունների նախաձեռնած արմատական բարեփոխումների: