ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Զրուցակիցները կարևորել են հայ-լիբանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից: Կողմերը կարևորել են տնտեսության ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումն ու այդ առումով ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցեր և անդրադարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Լիբանանի նախագահը վերահաստատել է իր մասնակցությունը գագաթաժողովին և համոզմունք հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով: Զրուցակիցները երկկողմ կապերի ընդլայնման գործում կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը: Միշել Աունն ընդգծել է, որ հայ համայնքն իր երկրի տարբեր ոլորտներում ունի կարևոր դերակատարություն և հաջողությամբ նպաստում է պետության զարգացմանն ու առաջընթացին: