ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
ԱԳ նախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման Հայաստանի հանձնառությունը, ընդգծել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը՝ շեշտելով իրավիճակի սրմանն ուղղված քայլերից և ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը: Զոհրաբ Մնացականյանը եռանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա, որոնց հետևանքով զոհվել են Հայաստանի Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ: Թիրախավորվել է խաղաղ բնակչությունը: Նախարարը շեշտել է, որ Բաքվի նման քայլերը լրջագույն վտանգ են խաղաղ գործընթացին, հատկապես համանախագահների միջնորդությամբ ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԱԳ նախարարների հանդիպման, համանախագահների օրացույցում ներառված առաջիկա այլ քայլերի շուրջ։