Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, թե որպեսզի հանդիպեն Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, պետք է հանդիպումը բովանդակություն ունենա և չլինի ինքնապատակ:
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Նյու Յորքում նախատեսված հանդիպումից ժամեր առաջ Բալայանը ընդգծեց՝ Զոհրաբ Մնացականյանը բարձրացնելու է այս հարցը Էլմար Մամեդյարովի առջև. «Որպեսզի հանդիպեն երկու երկրների ղեկավարները, տվյալ դեպքում մեր վարչապետը և Ադրբեջանի նախագահը, հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի, պետք է ունենա բովանդակություն: Բովանդակություն լինելու պարագայում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ, օրինակ՝ պայմանավորվածություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Մենք ունենք տասնամյակների դառը փորձ․ ինչպես ենք պայմանավորվում, հետո Ադրբեջանը հետ է կանգնում: Այո, Փաշինյանը շեշտել է, և սա առաջին անգամը չէ, ուղղակի առաջին անգամ ՄԱԿ-ի ամբիոնից է շեշտել, որ պետք է կատարվեն բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Բալայանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ու թվաքանակի ավելացմանը, որի իրականացմանն Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել․ «2016-ից մինչ օրս Ադրբեջանի կողմից արգելափակվում է: Ասենք, ԵԱՀԿ ֆինանսական կոմիտեում քննարկումների ժամանակ, որ պետք է որոշում կայացվի ավելացնելու ֆինանսավորումը գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի, Ադրբեջանը միակ երկիրն է, որը արգելափակում է այս որոշման կայացումը: Խոսքը վերաբերում է այդ պայմանավորվածություններին, և, այո, մենք կարծում ենք, դա մեր սկզբունքային մոտեցումն է, որ հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք բարենպաստ մթնոլորտ կստեղծեն խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Կարծում եմ, որ այս հարցերը մեր կողմից դրվելու են այսօր Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը»: