ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի ժամկետը դեռ անորոշ է, հավանաբար, դա տեղի կունենա 2019-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Իրոք, քննարկվել է մեր նախագահի այցը Հայաստան, սակայն կոնկրետ ժամկետները դեռ չեն քննարկվել», - ասել է Ուշակովը: Նա նշել է, որ մինչև տարվա վերջ Պուտինը և Փաշինյանը հնարավորություն կունենան հանդիպելու սեպտեմբերի 27-28-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովին, այնուհետև՝ Աստանայում ՀԱՊԿ-ի նստաշրջանին, իսկ դեկտեմբերին` Մոսկվայում՝ ԵԱՏՄ-ի գագաթաժողովում: «Ես ներկայացրի մինչև տարվա վերջ հնարավոր շփումները: Այսպիսով, կարծում եմ, որ Հայաստան կատարվելիք այցի տեսանկյունից պետք է թիրախավորել հաջորդ տարին», - հավելել է Ռուսաստանի նախագահի օգնականը:
ԱԳՆ մամուլի քարտուղարի Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ «Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, կոնկրետ ժամկետներ դեռ չեն որոշվել, կարող եմ միայն ասել, որ ռուսական և հայկական կողմերը հաստատել են, որ նման այցը տեղի կունենա առաջիկայում»: Կողմերը չեն ասում, բայց Պուտինը Հայաստան կգա ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: