Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մադագասկարի ԱԳ նախարար Մաքսիմ Էլոի Դովոյի հետ։
Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին՝ հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից հետո, Հայաստանի և Մադագասկարի միջև շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարբեր հարթակներում փոխգործակցությանը, հատկապես արժևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցությունը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է աֆրիկյան մայրցամաքի հետ համակողմանի գործընկերության առավել ընդլայնմամբ և պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել այդ փոխգործակցության զարգացման ներուժը լիարժեք օգտագործելու ուղղությամբ։
Հայաստանի և Մադագասկարի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլերի շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների դերը: Նրանք հանգամանալից քննարկեցին ՖՄԿ երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, օրակարգը, նախատեսվող միջոցառումները և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերը: Նախարար Մնացականյանը գործընկերոջը ներկայացրեց կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և առաջ քաշվելիք նախաձեռնությունները: