Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր երկօրյա այցով մեկնել է Գերմանիա: Reuters-ի փոխանցմամբ, Բեռլինում Էրդողանին դիմավորում են ոչ միայն պատվո պահակախմբով և վարչապետի անունից տրվող պետական ճաշկերույթով, այլև բողոքի ակցիաներով: Գերմանիայի ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Բեռլինում և Քյոլնում Էրդողանի աջակիցների և ընդդիմախոսների հնարավոր բախումները կանխելու համար:
Բեռլինի և Անկարայի կապերն էապես վատացել են 2016-ի հուլիսին Թուրքիայի զինվորական հեղաշրջման ձախողված փորձից հետո, որ հանգեցրել է աննախադեպ հալածանքների և զանգվածային ձերբակալությունների: Գերմանիան խստորեն դատապարտել է այլախոհների նկատմամբ Թուրքիայի իշխանության անհարկի կոշտ գործելակերպը` ներառյալ Գերմանիայի մի քանի քաղաքացիների ձերբակալությունը: