Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթում Իրանին մեղադրել է Թեհրանի մոտակայքում գաղտնի ատոմային պահեստ ունենալու մեջ: Իրանցի պաշտոնյաները հերքել են և կեղծ տեղեկություն որակել: Երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նեթանյահուն ցուցադրել է Իրանի մայրաքաղաքի օդից արված լուսանկարը, որտեղ կարմիր սլաքով ցույց է տրված, նրա պնդմամբ, միջուկային զենքին առնչվող նյութեր պարունակող չբացահայտված պահեստը:
Նեթանյահուի խոսքով, բացահայտումը վկայում է, որ Իրանը դեռևս ձգտում է միջուկային զենք արտադրել՝ հաշվի չառնելով 2015-ին գերտերությունների հետ կնքված համաձայնագիրը, որով Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց: