ՀՀԿ-ն երեկ երեկոյան Գործադիր մարմնի նիստում քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, սակայն վերջնական որոշում չի ընդունվել: Նիստից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ինչ-որ չափով քննարկում եղել է, բայց հայտնեց միայն իր անձնական դիրքորոշումը Աժ-ի ինքնալուծարման և արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Նա չժխտեց, որ կուսակցությունը պատրաստ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով բանակցություններ սկսել:
«Թե բանակցությունների խնդիր լինի, մենք մարդիկ կառանձնացնենք, որոնք կբանակցեն: Քննարկելու խնդիր կա այդտեղ, ես չեմ կարծում, որ խորհրդարանական մեծամասնությունն ամեն դեպքում պետք է գնա այն ճանապարհով, ինչն ուզում է կառավարությունը», - նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: Գալուստ Սահակյանը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ ընտրություններին: «Արտահերթ ընտրությունների ժամանակ, բնականաբար, կմասնակցենք։ Եթե նույնիսկ մեր կուսակցությունը չհաղթահարի անցողիկ շեմը, մեր կուսակցությունը կմնա ամենաարժանապատիվ և միակ կուսակցությունը մեր քաղաքական դաշտում։ Մենք որևէ մեկին դեմ չենք, մենք ընդամենն ասում ենք՝ եթե կլինեն խորհրդարանական ընտրություններ, մենք էլ մեր մասնակիցները կունենանք և ինչքան ձայն կունենանք, այդ ձայներով կպայքարենք», - ասաց Սահակյանը։
Երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը Աժ նախկին նախագահը հնարավոր համարեց միայն ՀՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի համընկնելու դեպքում: «Ես չեմ կարծում, որ նման հարց հիմա պետք է քննարկվի։ Եթե Ռոբերտ Քոչարյանը պետք է մտնի ակտիվ քաղաքականության մեջ, եթե նա այնպիսի խնդիրներ կառաջարկի, որը մեր ծրագրերին մոտ է, այդ ժամանակ հնարավոր է որևէ փոխհարաբերություն», - ասաց Սահակյանը։
Գալուստ Սահակյանը չի զարմացել, որ «Իմ քայլը» դաշինքն արժանացել է ընտրողների 82 տոկոսի վստահության քվեին, դժգոհեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ գործող իշխանությանը չշոշափեց կարևորագույն քաղաքական հարցեր: «Քաղաքապետարանի ընտրություններին մեկ խոսք չասվեց Ղարաբաղի մասին, չասվեց, որ Երևանի քաղաքապետն ամեն տարի մի քանի անգամ օգնել է Ղարաբաղին, չասվեց, որ Ղարաբաղ գնացող զինվորների ծնողներին մի քանի անգամ տարին տարել է Ղարաբաղ։ Ամբողջ քաղաքային ընտրություններում խոսք չգնաց մեր պետության համար ամենակարևորագույն գործոնի վերաբերյալ», - ասաց Սահակյանը։