Ռեյտինգային ընտրակարգի վերացում, Տեղական ինքնակառավարման մարմիններում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում ավագանու, Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների անցողիկ շեմի՝ 4 ու 6 տոկոսների նվազեցում, փոփոխություններ՝ կուսակցությունների՝ կոալիցիաներ կազմելու ընտրակարգում, նախընտրական քարոզչության ու դրա ֆինանսավորման կանոնների փոփոխություն` սրանք վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի մշակած Ընտրական նոր օրենսգրքում արված սկզբունքային փոփոխություններն են, որոնք ներկայացրեց վարչապետին կից Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: «Հանում ենք կոալիցիայի ձևավորման սահմանափակումը, այսինքն՝ նախկինում կոալիցիա կարող էր կազմել 3 կուսակցություն և և դրա համար ընդամենը 6 օր ուներ, հիմա մենք ժամկետը երկարացնում ենք, քանակական սահմանափակումը հանում ենք»,-մանրամասնեց Դանիել Իոաննիսյանը:
Փաստորեն, հավասարեցվել են ՏԻՄ մարմիններում ու ԱԺ-ում անցողիկության շեմերը, գործող Ընտրական օրենսգրքով՝ ԱԺ ընտրություններում կուսակցությունների անցողիկության շեմը կուսակցությունների համար 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7: «Սրա հիմնավորումն այն է, որ քաղաքական ուժերը երկրի օրենսդիր մարմնում ներկայացված լինեն ավելի համամասնական»,-նշեց Դանիել Իոաննիսյանը:
Հարցին, թե դրա հետևանքով Ազգային ժողովում չեն կարող ներկայացված լինել պատահական, «անկապ» քաղաքական ուժեր, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Եթե ազատ, արդար ընտրությունների արդյունքում բնակչության 4 տոկոսի ձայներն է ստանում որևէ քաղաքական ուժ, այն չի կարող անկապ կամ պատահական լինել և իրավունք ունի ներկայացված լինելու ԱԺ-ում՝ լինելով հանրության մի ծանրակշիռ հատվածի ներկայուցիչը: Երեկ ավարտուն տեսքի է բերվել Ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը, որն այսօր կհաստատվի վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի կողմից, ապա, հրապարակումից հետո, կներկայացվի հանրության դատին: Երկուշաբթի կհրապարակվի, դրա հիման վրա շատ շուտով կներկայացվի նախագիծ: