Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններն ունեն շարունակական զարգացում, և կարևորել է համագործակցությունը տնտեսության ոլորտում: Նրա խոսքով` արդեն մի քանի ղազախական ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ և նպատակ ունեն իրականացնել ներդրումային ծրագրեր:
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ բիզնես կապերի խորացումը կնպաստի առևտրատնտեսական ծավալների ավելացմանը: ՀՀ վարչապետը կարևորել է համագործակցության զարգացումն ինտեգրացիոն միավորումների` ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ինտեգրացիոն միավորումների գործունեության արդյունավետության բարձրացումն ու կոնկրետ խնդիրների շուրջ կառուցողական քննարկումները, որ կօգնեն գտնել համապատասխան լուծումներ:
Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ երկու երկրների առևտուրը անցած տարի աճել է շուրջ 60 տոկոսով, և համոզմունք է հայտնել, որ այդ միտումը շարունակական կլինի` կառավարությունների գործունեության արդյունքում: Նրա խոսքով` Ղազախստանը բաց է հայկական բիզնեսի ու ապրանքների համար, և կողմերը լավ հնարավորություններ ունեն կապերն ընդլայնելու ու զարգացնելու համար:
Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ հայ մասնագետները մշտապես իրենց դրսևորել են լավագույն կողմերով, ու կարևորել է տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` Ղազախստանի նախագահ ասել է, որ դրանք սովորական չեն, և Ղազախստանը կողմ է, որ հարցերը լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգին, ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: