ՀՀԿ-ում երեկ գործադիր մարմնի նիստը չի հրավիրվել հատուկ հնարավոր արտահերթ ընտրությունները քննարկելու համար` ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա ասաց, որ ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական երկխոսության` «Բացառապես երկխոսության միջոցով ենք գտնում Հայաստանում քաղաքական օրակարգի ձևավորումը» և շեշտեց՝ պատրաստ են երկխոսության, բայց՝ ոչ առճակատման։ «Երկխոսության պատրաստ լինել չի նշանակում ընդունել հակառակ կողմի առաջարկը», - ընդգծեց ԱԺ փոխնախագահը։
Նա ասաց, որ ՀՀԿ-ն դեմ է հրատապ զարգացումներին, հրատապ ընտրություններին։ «Ես դեմ եմ ինքնալուծարմանը, որովհետև մի մարդու իշխանությունը պահելու համար չի կարելի լուծարել Ազգային ժողովը», - ասաց Է. Շարմազանովը։ Նա ասաց, թե մնացած հարցերով վարչապետը թող գա, առաջարկություն անի, խորհրդարանական ուժերով կքննարկեն։ «ՀՀԿ-ն երբեք որևէ քննարկումից չի փախել, ՀՀԿ-ն այս երկրում երկխոսության ավանդույթի ջատագովներից մեկն է եղել, մենք բոլոր հարցերում երկխոսության կողմնակից ենք, բայց ոչ երբեք նախապայմանների, ոչ երբեք ուլտիմատումների», - ասաց Էդուարդ Շարմազանովը։ Նա շեշտեց՝ ԱԺ հրտատապ ընտրությունների անհրաժեշտություն չկա։ «Բոլոր այն հեքիաթները, թե Ազգային ժողովն է խոչընդոտում, որ տնտեսական ներդրումներ լինեն, տնտեսական քաղաքականություն լինի, դա ոչ այլ ինչ է, քան հեքիաթ։ Առ այսօր նոր իշխանությունը ոչ տնտեսական քաղաքական ծրագիր է բերել, ոչ Ղարաբաղյան հարցով է փորձել ծրագիր բերել, բա ի՞նչ ծրագիր է եղել, որ Ազգային ժողովը մերժել է», - ասաց Ազգային ժողովի փոխնախագահը: