ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովին ընդգծել է միության ներսում ապրանքաշրջանառության աճը՝ չնայած բացասական արտաքին հանգամանքներին, կոչ է արել ընդլայնել ազգային արժույթներով փոխադարձ գործարքների ծավալը` լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանի նախագահի ելույթը ԱՊՀ ղեկավարների հանդիպմանը տեղի է ունեցել փակ դռների հետևում: Ինչպես նշել է Պեսկովը, ՌԴ նախագահն ընդգծել է ԱՊՀ-ի և միության շրջանակում փոխգործակցության նշանակությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական և մարդասիրական, իրավապահ ոլորտներում: «Պուտինը ասել է, որ բարդ համաշխարհային տնտեսական կոնյունկտուրան խոչընդոտ չի դարձել, որ 2018-ի հունվար-հունիսին միության ներսում ապրանքաշրջանառությունն ավելանա մոտ 15 տոկոսով:
Այժմ այն կազմում է մոտ 85 միլիարդ դոլար՝ չնայած մի շարք բացասական արտաքին գործոններին»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը կոչ է արել առավելագույնս բացել ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու պայմանագրի ներուժը, խոսել է «ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների պրակտիկայի ընդլայնման անհրաժեշտության, արտաքին քաղաքական դաշտում՝ ՄԱԿ-ում գործողությունների համակարգման մասին»: