Մակեդոնիայում այսօր հանրաքվե է անցկացվում երկրի անվանափոխության հարցով։ Հանրաքվեն անցկացվում է Մակեդոնիայի անվանման շուրջ հարևան Հունաստանի հետ երկարատև բանակցություններից հետո։ Սկոպյեի և Աթենքի միջև վեճը ծագել է 1991-ից, երբ Մակեդոնիան անկախություն հռչակեց Հարավսլավիայից։
Աթենքը պնդում է, որ Մակեդոնիա անվանումը տարածքային պահանջներ է ենթադրում Հունաստանի հյուսիսի համանուն շրջանի նկատմամբ։ Հունաստանի պահանջով Մակեդոնիան ՄԱԿ-ի կազմում ընդգրկվել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն անվանմամբ։ Նույն պատճառներից ելնելով ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը նաև արգելափակել է Մակեդոնիայի անդամակցությունը այդ կազմակերպություններին։ Հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ մակեդոնացիների 70 տոկոսը կողմ է երկիրը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելուն, և այս պահին հանրաքվեի հիմնական ինտրիգը մասնակիցների թիվն է։ Մակեդոնական օրենքով, հանրաքվեն համարվում է կայացած, եթե մասնակցում է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 50 տոկոսը գումարած 1 քվե։ «Ես բոլորին կոչ եմ անում մասնակցել այլ կարևոր որոշման ընդունմանը», հայտարարել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը՝ հանրաքվեում քվեարկելուց հետո։