Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համոզված է` իր պետական այցը Գերմանիա առավել քան հաջողված էր: «Ես համոզված եմ, որ վերջին երկու օրերին կայացած հանդիպումները կնպաստեն հարատև թուրք-գերմանական բարեկամության ամրապնդմանը»,- հայտարարում է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի այցի վերջին կանգառը Քյոլնն էր, որտեղ տասնամյակներ ի վեր մեծաթիվ թուրքական համայնք կա: Քյոլնում Էրդողանը մասնակցեց Գերմանիայում կառուցված մզկիթի բացմանը: Դիմելով մզկիթի բակում հավաքված հազարավոր մարդկանց` Էրդողանը կրկին հայտարարում էր, թե Գերմանիայում բնակվող թուրքերի հանդեպ սխալ վերաբերմունք կա, որպես օրինակ մատնանշելով թուրքական ծագում ունեցող գերմանացի ֆուտբոլիստների շուրջ ամիսներ առաջ ծագած սկանդալը: «Գերմանիայում մեծացած Մեսութ Օզիլին և Իլքայ Գյունդողանին այս հասարակությունը սկսեց մերժել այն պարզ պատճառով, որ նրանք Մեծ Բրիտանիայում համարձակվել էին լուսանկարվել ինձ հետ: Որպես նրանց նախագահ՝ ես չեմ կարող ընդունել, որ Գերմանիայի հավաքականում հանդես եկող այդ երկու երիտասարդները լուսանցք են մղվում», - հայտարարում էր Էրդողանը:
Քյոլնում Թուրքիայի նախագահին դիմավորեցին փողոցային ակցիաներով: Նորակառույց մզկիթի հարևանությամբ հավաքվել էին նրա հազարավոր կողմնակիցներ: Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էլ` Հռենոս գետի ափին, Էրդողանի այցի դեմ բողոքում էին ընդդիմադիրները` Թուրքիայից Գերմանիա տեղափոխված քրդերը: Բողոքի ակցիայի մասնակիցների համոզմամբ՝ Թուրքիայում մարդու իրավունքների զանգվածային խախտումների ֆոնին Էրդողանի պետական այցի կազմակերպումը կոպիտ քաղաքական սխալ էր: