ԲՀԿ-ն երբեք ժողովրդի կողքից չի փախել և ժողովրդի հետ առերեսվելու խնդիր չունի. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու սոցիալական պահանջը հասունացած չէ: «Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հայտնաբերվել են կրկնաքվեարկություններ։ Հիմա նույն բաներն անենք համապետական մակարդակով ընտրություններո՞ւմ։ Եթե նույն թերությունները կրկնելու վտանգը միանգամայն իրական է, ո՞րն է տրամաբանությունը ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել անպայման գալիք երկու ամսում։ Թող լինի չորս ամսում, վեց ամսում, այսինքն՝ մենք դեմ չենք որևէ ընտրության: Եթե անում եք արտահերթ, արեք, լավ եք անում, ձեր իրավունքն է, բայց այն մակարդակով, որ նախկին խախտումները նորից չկրկնվեն»,-ասաց նա: Քանի դեռ չկա վարչապետի կողմից ներկայացված տեքստ, նա ավելորդ է համարում արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանական դրույթների մասին դատողություններ անել։
«Գործող իրավակարգավորումն այն է, որ միայն վարչապետի հրաժարականով կարող են կազմակերպվել արտահերթ ԱԺ ընտրություններ, գործող իրավակարգավորումն ԱԺ ինքնալուծարում չի նախատեսում»,- ասաց պատգամավորը՝շեշտելով, որ իրենց խմբակցության հետ թեմայի շուրջ քննարկումների մասին ինքը տեղեկություններ չունի։