ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հույս ունեմ, որ ՀՀՀ-ի նոր տնօրենը և հոգաբարձուների խորհուրդը կկարողանան իրականացնել զարգացման կոնկրետ ծրագրեր

Նիկոլ Փաշինյան. Հույս ունեմ, որ ՀՀՀ-ի նոր տնօրենը և հոգաբարձուների խորհուրդը կկարողանան իրականացնել զարգացման կոնկրետ ծրագրեր
02.10.2018 | 12:17

«Հույս ունեմ, որ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նոր տնօրենը և հոգաբարձուների խորհուրդը կկարողանան ներկայացնել և իրականացնել հիմնադրամի զարգացման կոնկրետ ծրագրեր», - երեկ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանին:


Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայկակ Արշամյանի նշանակմամբ հիմնադրամը նոր կյանք և նոր թափ կստանա: «Տեղյակ եմ, որ այս ընթացքում հիմնադրամի առջև բավականին խնդիրներ են գոյացել և դրանց հրատապ լուծման անհրաժեշտություն կա: Հարկավոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչպես պետք է դրանք լուծվեն,- ասել է վարչապետը՝ շարունակելով, - հույս ունեմ, որ հիմնադրամի նոր տնօրենը և հոգաբարձուների խորհուրդը կկարողանան ներկայացնել և իրականացնել հիմնադրամի զարգացման կոնկրետ ծրագրեր»։
Պետրոս Թերզյանը պատրաստակամություն է հայտնել՝ «անելու այն, ինչ պետք է»:
«Վստահ եմ, որ պարոն Արշամյանը ճիշտ անձ է համապատասխան տեղում և պայմաններում: Վստահ եմ, որ այս հոյակապ կառույցը, որ այդքան մեծ ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի տնտեսական վերելքի մեջ, իր առջև ունի մեծ ապագա՝ շնորհիվ Ձեր աջակցության: Կարծում եմ՝ Նոր Հայաստանի պայմաններում պետք է հաղթահարենք դժվարությունները, որոնք վստահ եմ, ժամանակավոր են, և անցնենք նոր հանգրվանի, նոր ծրագրերի իրականացման մեր Հայաստանի ու Արցախի համար», - ասել է Թերզյանը: Հայկակ Արշամյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հանձնաժողովին՝ իր թեկնածությունը պաշտպանելու համար:


«Կարծում եմ՝ հիմնադրամը պետք է վերածել 21-րդ դարի կառույցի, որովհետև այն խնդիրները, որոնք դրված են եղել հիմնադրամի առջև, արդեն մնացել են նախորդ դարում: Այժմ մենք պետք է աշխատենք նաև օգտագործել ոչ միայն թելեթոնները, մարդկանց զանգելով հանգանակություն անելու մեխանիզմները, այլ նաև առցանց հարթակներում փորձենք որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավել, թեկուզ փոքր գումարներ հանգանակել, խոսքը նույնիսկ գնում է 500, 1000 դրամի մասին: Պետք է փորձենք այդպես ողջ հայությանը ներգրավել Հայաստանի զարգացման գործում: Հիմնադրամի գործունեության թիրախներից մեկը պետք է լինի ապահովել Սփյուռքի և ընդհանրապես համայն հայության մասնակցությունը հայաստանյան գործընթացներում: Իմ առջև խնդիր եմ դրել բարձրացնել հիմնադրամի նկատմամբ եղած վստահությունը, որը պետք է դրվի ավելի բարձր մակարդակի վրա, ինչը կապված է նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ: Մենք Նոր Հայաստանում պետք է ունենանք նոր և իրական համահայկական հիմնադրամ», - հավելել է Հայկակ Արշամյանը:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ