ՀՅԴ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանից ժամադրություն չի ստացել՝ արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու համար` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա շեշտեց, որ իրենք միշտ ասել են ու շարունակում են մնալ այն տեսակետին, որ կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
«Մենք կողմ են ընտրությունների անցկացմանը, բայց դեմ ենք անհապաղ անցկացմանը: Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա այն անհրաժեշտ քայլերը կատարելու տրամաբանությամբ, որոնց համար բավարար ժամանակ պետք է հատկացվի»,- ասաց Ռուստամյանը։ Արմեն Ռուստամյանը թվարկեց անհրաժեշտ համարվող քայլերը, որոնք երեքն են` արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան նոր Ընտրական օրենսգրքով, ոչ թե հնով, որում առկա է ռեյտինգային համակարգը, 2-րդ խնդիրն է ոստիկանության դերակատարությանը: «Կառավարության ծրագրում և ընտրական բարեփոխումներում նախատեսվում է լուրջ դերակատարություն վերապահել ոստիկանությանը: Եթե այդպես է, օր առաջ պետք է փոխվի ոստիկանության ենթակայության հարցը, նրա չեզոքության հարցը պետք է ապահովել, քանի որ այսօր ոստիկանությունն ուղիղ ենթակա է վարչապետին: Ոստիկանության վերահսկողությունը պետք է վերապահվի Ազգային ժողովին, ստեղծվի ներքին գործերի նախարարություն: 3-րդ քայլը՝ ժամանակն է, որն անհրաժեշտ է այս փոփոխություններն իրագործելու համար: Քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն այդ փոփոխություններին, ժամկետի հաշվարկ պետք է արվի, հետո նշանակվեն ընտրություններ: Եվ սահմանադրական նորմով, որն այսօր կա՝ երկու անգամ վարչապետի չընտրվելու պարագայում խորհրդարանի լուծարումը, այդ պրոցեսները պետք է այնպես տարվեն, որ ժամկետների առումով մեզ համար ընդունելու օրը կատարվեն արտահերթ ընտրություններ»,- ներկայացրեց Արմեն Ռուստամյանը:
Ռուստամյանը հայտարարեց, որ 1 տարուց ոչ ավելի ժամկետ է պետք, որպեսզի այս ամենը կյանքի կոչվի, բոլոր խնդիրները լուծվեն: Պատգամավորը հավելեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները չի կարելի հիմք համարել արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի արագ անցկացնելու համար:
«Ըստ էության՝ ոչ թե եղել է ավագանու ընտրություն, այլ եղել է հանրաքվե, այն էլ լոկալ հանրաքվե՝ բառիս բուն իմաստով, անցկացվել է միայն Երևանում: Մենք, ճիշտն ասած, չենք իմացել, որ մասնակցում ենք հանրաքվեի, մենք իմացել ենք, թե մասնակցում ենք ավագանու ընտրություններին: Բայց եթե այդպես է դիտարկվում, որ հանրաքվեի է դրվել մի հարց՝ ժողովուրդն ուզում է ԱԺ-ն լուծարվի, թե ոչ, կարծում եմ, որ այդ պարագայում հանրաքվեի արդյունքները ճիշտ չեն ներկայացվում, սխալ են ամփոփվել, որովհետև ոչ թե 82 տոկոսն է ուզում, այլ 100 տոկոսը: Բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են այդ հանրաքվեին, դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, ըստ այդմ՝ նաև ԱԺ լուծարմանը: Այսինքն՝ մյուսների ձայներն էլ պետք է գումարվեն դրան»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։