ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները քննարկում են անցկացրել, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ խորհրդարանից: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ քննարկել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ու քննարկված թեմաների վերաբերյալ հարցեր: «Ուզում էինք հասկանալ՝ ինչ է եղել»,- նշեց նա:
«Մեր երեք ուժերը նորից հարվածի տակ են, իզուր տեղը մեզ նորից բաժանում են հեղափոխականների և հակահեղափոխականների: Այս ձևով գնալ ընտրությունների, ում է պետք էս ձևի ընտրությունը: Նույնը արեցին ավագանու ընտրություններին, բաժանել սևի ու սպիտակի, հիմա էլ՝ ընտրություններն անենք նոյեմբեր-դեկտեմբերին, ուրեմն ուզում են նույն տրամաբանությամբ շարունակել: Նորից դառնալու է այն, որ այստեղ բոլորև սև են, ովքեր դեմ են վարչապետի հայտարարություններին և առաջարկներին: Եթե ըտենց երկիր ենք ուզում, ես ըտենց երկիր չեմ ուզում»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ ՀՅԴ-ն վաղը կողմ է քվեարկելու ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների նախագծին: Ռուստամյանը սա ասաց ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որ հայտարարել էր, թե կողմ քվեարկող ուժերը հակահեղափոխականներ են:
«Եթե պատգամավորներին չխոչընդոտելու պահանջը պետք է լինի հակահեղափոխություն, Սահմանադրությունը պաշտպանելը պետք է լինի հակահեղափոխություն, ուրեմն ես հակահեղափոխական եմ»,- նշեց նա: Ըստ Ռուստամյանի՝ խորհրդարանը պետք է լուծարվի իրավունքի ուժով, ոչ թե ուժի իրավունքով, քանի որ միշտ էլ ուժեղից ավելի ուժեղն է լինում: «Հեղափոխությունը չի կարող Սահմանադրությունը ոտնատակ տալ»,- հավելեց Ռուստամյանը: