Վարչապետ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ գնալու է ԱԺ, որ ստեղծված իրավիճակի շուրջ բանակցի այնտեղ գտնվող պատգամավորների հետ և ցուցարարներին խնդրեց չմտնել Ազգային ժողովի շենք, սակայն քաղաքացիները Դեմիրճյան մուտքից մտան Ազգային ժողովի տարածք: Վարչապետը մուտք է գործել բանակցելու խորհրդարանում գտնվող խմբակցությունների հետ: Նրան ուղեկցում են առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, նախարարներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում ասաց, որ իր աշխատակազմին հանձնարարել է կառավարությունում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին ազատելու հրաման պատրաստել:
Մինչ այդ վարչապետը հայտնել էր, որ Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն արտահերթ նիստում դրել է քվեարկության, որն ընդունվել 67 կողմ ձայնով: «Երեկ և այսօր «ՀՀԿ» խմբակցության, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը ՀՀ-ում հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Այդ նախագծի ընդունումը դավադրություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու հրամաններ, աշխատանքից կազատվեն նաև այդ ուժերը ներկայացնող մարզպետները և նրանք բոլորն այս պահից համարվում են աշխատանքից ազատված»,- ասաց Փաշինյանը:
Քիչ հետո վարչապետը քաղաքացիների աչքի առջև ստորագրեց նախարարներին ու մարզպետներին աշխատանքից հեռացնելու հրամանները։ Նա նաև հայտնեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և շարունակել աշխատանքը Կառավարությունում. լուրը քաղաքացիներն ընդունեցին ոգևորությամբ։ Կառավարությունում ԲՀԿ-ն ունի չորս նախարար՝ Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:
ՀՅԴ–ական նախարարներն են տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
Արտահերթ նիստում ընդունված նախագծով խորհրդարանի չկայացած նիստը համարվում է ոչ թե տեղի չունեցած, այլ ընդհատված նիստ: Եթե, օրինակ, արտակարգ իրավիճակ է ստեղծվել, շրջափակվել է խորհրդարանի շենքը, և պատգամավորները չեն կարողացել ներկայանալ նիստին, այդ նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդմիջված: Եվ այդ նույն նիստը կարող է շարունակվել այն ժամանակ, երբ ապահովվի պատգամավորների ներկայությունը, եթե դա լինի անգամ ամիսներ անց:
Փաստորեն այն դրույթը, որ երկու նիստում վարչապետ չընտրվելու դեպքում իրավունքի ուժով խորհրդարանը պետք է լուծարվի, այդ կետը հակադրվում է ընդունված նախագծին, և հետևաբար այդ նախագծի ընդունումից և ստորագրումից հետո հնարավոր կլինի կանխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները: