«Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց մեր օրակարգում չկա»` ասել է Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա պնդմամբ՝ գիշերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խորհրդարանական ուժերը ընդհանուր հայտարարի չեն եկել, և վերջնական պայմանավորվածություն չկա: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ իրենք չեն հասկանում, թե ինչու է Փաշինյանը պնդում, որ հենց դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվեն և ոչ թե, ասենք, հաջորդ տարվա փետրվարին կամ գարնանը: Շարմազանովն ընդգծեց՝ իրենք պնդում են, որ ընտրություններն անցկացվեն մայիսին՝ առանց շտապելու, որ բոլոր քաղաքական ուժերը հասցնեն պատրաստվել, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընդունվեն, Վենետիկի հանձնաժողովի գնահատականը լինի, այսինքն՝ և օրենսդրությունը, և քաղաքական դաշտը ամբողջովին պատրաստ լինեն: Հարցին՝ հիմա եթե վարչապետը հրաժարական տա, դուք պատրա՞ստ եք այդ հրաժարականից անմիջապես հետո վարչապետի թեկնածու չառաջադրել, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց․ «Նման հարց մենք չենք քննարկել, թող հրաժարականը տա, հետո կտեսնենք»: Հարցին՝ եթե Փաշինյանը համաձայնի մայիսին արտահերթ ընտրությունների անցկացմանը, պատրա՞ստ են հուշագիր ստորագրել, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, Շարմազանովը արձագանքեց․ «Դե թող Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ համաձայն է դեկտեմբերից տեղափոխել մյուս տարի, մենք էլ արդեն այդ հուշագրի մասին կխոսենք»: Ամբողջ խնդիրը, ըստ խորհրդարանի փոխխոսնակի, այն է, որ վարչապետը «երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ» և ասում է՝ միայն դեկտեմբերին:
Այսօր նույնպես, ըստ Շարմազանովի, Փաշինյանը գալու է Ազգային ժողով: «Կփորձենք հասկանալ՝ ինչ է լինելու հիմա և ինչ է հնարավոր լուծել», - ասաց խորհրդարանի փոխխոսնակը: Էդուարդ Շարմազանովը անթույլատրելի է համարում ժողովրդին Աժ բերելը, ներս մտցնելը: «Չի կարելի Ազգային ժողովի վրա մարդ բերել, հանուն ինչի՞՝ որ Ազգային ժողովի գո՞ւյքը վնասեն, ծեծելո՞ւ էին, ի՞նչ էին անելու, 96-ին էլ էին մտել: Ինչի՞ բերեց ժողովրդին ներս», - ասաց ԱԺ փոխնախագահը: