Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարանական ուժերի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվել չէր կարող, տեղի ունեցածը բանակցություններ չէին` ասել էՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա պարզաբանեց, որ Փաշինյանի խոսքով՝ ինքը ընդամենը եկել էր իրազեկելու իր որոշման մասին, որ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, և արդեն իսկ վարչապետը ծրագրած ուներ իր բոլոր քայլերը, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին: Իսկ երեկ խորհրդարանի ընդունած՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների օրինագիծը, ըստ Աշոտյանի, ընդամենը պատրվակ էր Փաշինյանի համար՝ իր քաղաքական նպատակների իրագործումը ավելի արագացնելու: Հանդիպման ժամանակ հանրապետականները վարչապետին առաջարկել են արտահերթ ընտրություններն անցկացնել եկող տարվա մայիսին, որի դեպքում պատրաստակամություն են հայտնել վարչապետի թեկնածու չառաջադրել: Սակայն Նիկոլ Փաշինյանը մերժել է այդ առաջարկը և հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ամեն ինչի շուրջ՝ բացի դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակից, իր այդ պահանջը անփոփոխ է: