ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց իր ու վարչապետի հանդիպումից: «Մենք նախօրոք պայմանավորվածության արդյունքում պատրաստակամություն էինք հայտնել, որ տրամաբանական ժամկետներում, օրենքները կարգարվորելուց հետո գարնանը պատրաստ ենք միասնական ու համերաշխ գնալ արտահերթ ընտրությունների: Մեր միջև պայմանավորվածություն էր եղել, որպեսզի քննարկում կազմակերպեինք: Եվ ԱԺ Կանոնակարգ օրենքի նախագիծը դեռ այդ օրը առավոտյան Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում էր: Հաջորդ օրն առավոտյան զանգ է եղել ինձ՝ խնդրանքով, որ չդնենք քվեարկության, որպեսզի գանք, քննարկենք, որպեսզի որոշում կայացնենք: Դրանից հետո նորից վարչապետը եկել է ինձ մոտ, իմ սենյակում և արդեն, ոչ թե քննարկման, այլ եկել էր իրազեկելու, որ՝ մենք գնում ենք արտահերթ ընտրության: Այդ օրենսդրական նախաձեռնությունը որևէ ձևով չի կարող կանխարգելել արտահերթ ընտրությունները: Դուք երեկ տեսաք Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ այդ ոտնձգությունները, վիրավորանքները, այդ օրենսդրական նախաձեռնությունը նրա համար է, որ Սահմանադրության մեջ ամրապնդվի, որ չի կարելի պատգամավորի բնականոն աշխատանքը խոչնդոտել»,- ասաց Բաղդասարյանը: Գիշերը պատգամավորների հետ հանդիպելով, ըստ Բաղդասարյանի, վարչապետն ուղղակի իրազեկել է, որ բանակցությունների չի եկել, ուղղակի ուզում է ասել, որ դեկտեմբերին գնում են արտահերթ խորհրդանական ընտրությունների: «Բնականաբար, մենք դեկտեմբերի հետ կապված որևէ քննարկում չենք կազմակերպել, քանի որ դա պարզապես տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում: Մենք դեկտեմբերի մեջ որևէ տրամաբանական տեղավորում չենք տեսնում: Եթե բանակցությունների արդյունքում լինի այնպես, որ մենք իրոք մշակենք այդ բոլոր օրենքները, ժամանակը բավարարի, որ պատրաստվենք, մենք տրամաբանական ժամկետներում պատրաստ ենք գնալու, սակայն չի եղել բանակցությունների որևէ առաջարկ, պարզապես եղել է իրազեկում»,- ասաց Բաղդասարյանը: