Ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել իմ հրահանգը, որ պետք է որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին պառկեցնել ասֆալտին, այսօր խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վարչապետին տեղեկացրեց, որ նախօրեին, երբ ցուցարարներն արդեն հեռանում էին խորհրդարանի հարակից տարածքից, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն ու նրան ուղեկցողները հայհոյանքներ են հնչեցրել քաղաքացիների հասցեին։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվե՞լու են։ «Այս միջադեպը վկայում է, որ ուժային կառույցները, որոշ դեպքերում լավ չեն կատարել իմ հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին պետք է պառկեցնել ասֆալտին։ Եթե պատշաճ կերպով դա կատարած լինեին, կարծում եմ, երեկվա միջադեպը չէր լինի, և ես համոզված եմ, որ նրանք բաց թողնվածն անպայման կլրացնեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ եթե պարզվի, որ ՀՀԿ-ական պատգամավորն իսկապես այդպիսի պահվածք է դրսևորել, ուրեմն լավ չի հասկանում այն, ինչ կատարվում է Հայաստանում։ «Երեկ ես զգացի, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում ինձանից, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ խնդրանքները, որ ԱԺ պատգամավորների և հատկապես՝ Հանրապետական պատգամավորների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք։ Այս առումով իսկապես մենք ունենք պրոբլեմ։ Եվ, եթե պարզվի, որ որևէ պատգամավոր և որևէ պատգամավորի, այսպես կոչված, ուղեկցող անձ, այդպիսի պահվածք է դրսևորում, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից և ես հույս ունեմ՝ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիներն իրենց բավարաված կզգան դրանից և չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանն ու նրա նմանները Երևան քաղաքի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան», - ասաց Նիկոլ Փաշինյանը: