ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս 1955-ին Իրանի հետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից, որովհետև Իրանն օգտագործում է Միջազգային քրեական դատարանը քաղաքական և քարոզչական նպատակներով: «Ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ը խզում է Իրանի հետ բարեկամության մասին 1955-ի պայմանագիրը: Դա որոշում է, որը, ճիշտն ասած, անհրաժեշտ էր ընդունել դեռ 39 տարի առաջ»,- ասել է նա: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ այդ որոշումը կապված է հուլիսին Միջազգային քրեական դատարան Իրանի ներկայացրած դիմումի հետ, որով Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին պայմանագիրը խախտելու համար: Պետքարտուղարը քննադատել է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որ Վաշինգտոնը պետք է չեղարկի Թեհրանի դեմ պատժամիջոցների մի մասը: «Իրանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու սուվերեն իրավունքի իրացմանը: Իրանն օգտագործում է միջազգային քրեական դատարանը քաղաքական և քարոզչական նպատակներով»,- հայտարարել է Պոմպեոն: