Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում նկատվող դրական միտումները և խոստանում է անել հնարավորը՝ գործընթացին աջակցելու համար` հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
ԱԳՆ ամենշաբաթյա ասուլիսում ադրբեջանցի լրագրողը հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի կարճատև զրույցը Դուշանբեում, նշելով՝ փորձագետները ենթադրում են, որ հենց Մոսկվան է դրական հենք ստեղծել այդ բանակցությունների կայացման համար: Մարիա Զախարովան ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ պնդումները:
«Մենք ողջունում ենք բոլոր այն դրական միտումները, որոնք նշմարվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այժմ կարևոր է դրանք զարգացնել և չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, առկա էր վերջին շրջանում: Մեր կողմից մենք անհրաժեշտ ողջ աջակցությունը կցուցաբերենք», - ասել է Զախարովան: