ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների մասին Բիշքեկից ԵԱՀԿ ԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց. «ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի 2-րդ նիստի թեման էր՝ «Կենտրոնական Ասիայի և միջերկրածովյան տարածաշրջանի գեոքաղաքականությանը՝ միգրացիայի, առևտրի և շրջակա միջավայրի խնդիրները»: Ավանդաբար ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի նիստերից մեկի գլխագիրը «Միջերկրածովային ֆորում» է և մշտապես դա հնարավորություն է ԵԱՀԿ բոլոր երկրների պատվիրակների համար քննարկել ողջ տարածաշրջանի անվտանգային խնդիրները: Այս նիստի վարողը և 1-ին զեկուցողը ֆրանսիացի պատվիրակ, ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի տեղակալ, ԽՎ-ի միջերկրածովային հարցերով հատուկ ներկայացուցիչ Պասկալ Ալիզարդն է: Նա ներկայացրեց իր կատարած աշխատանքները, այցերը տարածաշրջանի երկրներ, հանդիպումները և վերլուծությունները: Նրա մատնանշած վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենածանր տարին 2015-ն էր, երբ Եվրոպա տեղափոխված միգրատների թիվը 8 միլիոնի էր հասել, և կարևոր է հասկանալ պատճառները, որ ծնել են այդ միգրացիան ու գտնել դրանք հաղթահարելու ճանապարհները:
Զեկուցողները՝ իտալացի ԱԳ փոխնախարար Գիլերմո Պիկին էր` 2018-ին Իտալիան է նախագահում ԵԱՀԿ-ում, և դեսպան Կատարինա Զակովան` 2018-ին` միջերկրածովային խմբի նախագահը: Ներկայումս այս խնդիրները այնպիսի ծավալներ և ազդեցություն են ձեռք բերել, որ այլևս ոչ միայն միջերկրածովյան պրոբլեմ է, այլև Եվրոպայի սահմաններից է դուրս եկել և դարձել համաշխարհային կարևոր ակտուալ թեմաներից մեկը: Սա վերաբերվում է ոչ միայն միգրանտների հարցերին, առևտուրը, առևտրային կապերը նույնպես առաջատար թեմա է, հատկապես հիմա, երբ Եվրոպան դեռ չի գտել բրեքկզիտի և նրանից բխող հարցերի լուծումը: Կարևորագույն խնդիր է նաև կլիմայի փոփոխությունը, որը արդեն սկսում է անդրադառնալ գյուղատնտեսական զարգացման վրա տարբեր երկրներում, ֆերմերային տնտեսությունների վրա և վերջին հաշվով դառնալու է սննդի անվտանգության և ապահովման հարց, ուստի միջազգային այս խոշորագույն կազմակերպության համար ակտուալ օրակարգ է:
Դեսպան Կատարին Զակովան (Սլովակիա) խոսեց միջերկրածովային եվրոպական անվտանգության անբաժանելիության և անքակտելիության մասին: Կարևոր տեղ տրվեց կիբեռանվտանգության և տեղեկատվական անվտանգության հարցերին՝ վիրտուալ աշխարհը և ցանցերը այսօր ահաբեկչության, էքստրեմիզմի, ռադիկալիզացիայի տարածման հարցերով «լավագույն» հարթակ են: Կրթությունը ուղի է այս խնդիրները հաղթահարելու համար: Քննարկման ընթացքում ելույթ ունեցան և խնդիրները ներկայացրին միջերկրածովային երկրների ներկայացուցիչները՝ Ալժիրի ներկայացուցիչը խոսեց ծովի և կլիմայի շարունակվող աղտոտվածության մասին, ընդգծելով, որ պետք է միասնական ջանքերով լուծել ընդհանուր խնդիրները: Իսրայելի ներկայացուցիչը պաղեստինական փախստակաների թեման դիտարկեց որպես կեղծ «Ֆեյք փախստականներ», այնուհետև սուր քննարկում եղավ Մարոկոյի, Կիպրոսի, Հունաստանի, Իտալիայի, ՌԴ ներկայացուցիչների մասնակցությամբ: Մեր պատվիրակության անդամ Արման Սաղաթելյանը նույնպես մասնակցեց այդ բանավեճին` մանրամասնորեն ներկայացնելով ՀՀ իրավիճակը փախստականների, հատկապես սիրիացի փախստականների իմաստով, նշելով, որ լինելով ոչ հզոր տնտեսական հնարավորությունների տեր, մեր երկիրը 3-րդն է աշխարհում բնակչության մեկ շնչին ընկնող փախստականների թվով: Նրանցից 20 հազարը ստացել են քաղաքացիություն, քաղաքական, սոցիալական, տնտեսական իրավունքներ և ինտեգրվել են մեր հասարակության մեջ: Արման Սաղաթելյանը խոսեց Սիրիային ՀՀ-ի մարդասիրական օգնության մասին, Հալեպում մեր հյուպատոսության անխափան աշխատանքի մասին՝ ներկայացնելով նաև տեղեկատվություն, որին տիրապետում է որպես այս պատերազմի ընթացքում մի քանի անգամ Սիրիա այցելած ականատես: Հատուկ շեշտադրում արվեց այն մտքի վրա, որ տարանցիկ երկրները պետք է ապահովեն միգրանտների անվտանգությունը, ապահովելով նրանց ամբողջական պաշտպանությունը բռնությունից, անկախ էթնիկ կամ կրոնական ծագումից: Եվ անընդունելի է, որ միգրանտները և փախստականները դառնան առևտրի կամ բանակցության առարկա երկրների միջև: Բոլոր երկրները ենթակա են միջազգային իրավունքի, և երկկողմ համաձայնություններ չեն կարող լինել միգրանտների մարդու իրավունքների խախտումով»:
ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը իր ելույթում կարևորեց ադրբեջանցի պատվիրակների կողմից մինչ այդ հնչեցրած տրանսպորտային միջանցքների վերաբերյալ տեղեկատվությունը, նշելով, որ միջազգային և տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների վերաբերյալ նախաձեռնությունները պետք է նպաստեն ԵԱՀԿ տարածաշրջանի համընդհանուր և անբաժանելի անվտանգությանը և ԵԱՀԿ մեր պարտավորություններին համահունչ լինեն: Եթե նման նախաձեռնությունները կամ նախագծերը ինկլյուզիվ չեն կամ ուղղված են բաժանարար գծերի խորացմանը, պետք է իրավական ուժ չունենան ԵԱՀԿ-ի համար, դրանք հակասում են նրա արժեքներին և համապարփակ անվտանգության կոնցեպցիային: Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց ԵԱՀԿ նախարարների կոմիտեի Համբուրգյան որոշումը արդյունավետ կառավարման և կապակցվածության մասին, որտեղ բառացիորեն ասված է, որ «Տրանսպորտի և առևտրին նպաստելու միջոցով կապերի հաստատումը մեր տնտեսական համագործակցության կարևոր մասն է», որ տնտեսական համագործակցությունը պետք է հիմնվի համերաշխության, թափանցիկության, հավասար իրավունքների և ոչ դիսկրիմինացիոն գործընկերության վրա և ընդգծված է, որ եթե տնտեսական ոլորտում գործողությունները նեգատիվ ներգործություն ունենան այլ անդամ երկրների վրա, պետք է ձգտենք նվազեցնել այդ ազդեցությունը: Խոսքը Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին է, որը չի կարելի խրախուսել: «Բացասական օրինակը նույնպես օրինակ է և պետք է դաս քաղել նիանից: Այդ նախագծերը մշակվել են մեկ նպատակով՝ խորացնել իմ երկրի մեկուսացումը, բայց դրա փոխարեն ընդամենը խորացրել են անկայունությունը և անվստահությունը մեր տարածաշրջանում»` ասաց Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, որ միջերկրածովյան ֆորումի քննարկման ընթացքում իրապես տիրում էր բարձր քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումների, կոլեկտիվ պատասխանատվության և համատեղ տարածաշրջանային ջանքերի անհրաժեշտության գիտակցման մթնոլորտ, որի համար շնորհավորեց մասնակիցներին և ը նդգծեց, որ դա պատիվ է բերում կազմակերպությանը:
«Բայց կուզենայի, որ նման մթնոլորտ տիրեր մեր կազմակերպության անդամ երկրների բոլոր քայլերի և նախաձեռնությունների ժամանակ»` հավելեց Հերմինե Նաղդալյանը խոսքի վերջում, որը հնչեց ավելի շատ որպես կոչ: