«Նա ազդեց երեք սերնդի, հինգ մայրցամաքի վրա: Պատմեց սիրո, երեխաների, փոքրիկ մարդկանց, մերժվածների մասին: Նա բնական էր, պարզ». այսպես է բնութագրել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին թուրք մտավորական Ռագըփ Դուրանը: artigercek.com կայքի իր սյունակում լեգենդար հային նվիրված հոդվածում Դուրանն Ազնավուրին անվանել է «Շանսոնի վերջին Աստվածը»: Նա ուշադրություն է հրավիրում փաստի վրա, որ Ազնավուրի մահից հետո գրված բոլոր հոդվածներում նրա մասին գեթ մի բացասական բառ չկա, ինչը հազվադեպ երևույթ է: «Նա ազդել է մի քանի մշակույթի, մի քանի սերնդի ու երևի բոլոր 5 մայրցամաքների վրա: Անգամ ռեփերներն են երգել նրա երգերը: Երկու ամուսնություններից 6 երեխայի հայր էր: Նրա թոռներից մեկը հրեա է, մեկն էլ՝ արաբ: Խառնածնության գեղեցկագույն արդյունք են», - շարունակում է սյունակագիրը:
Դուրանն առանձնակի ուշադրություն է դարձրել հայ-թուրքական հարաբերությունների վրա Ազնավուրի ազդեցության ու այդ հարցում նրա ձգտումների վրա: «Նա բարի կամքի տեր անձնավորություն էր: Դեմ էր զենքին, բռնությանը: Հավանաբար մտածում էր՝ «Տեսնես կարո՞ղ եմ հային ու թուրքին մերձեցնել»: Նա շատ անկեղծորեն ցանկանում էր բարեկամություն հաստատել Թուրքիայի և Հայաստանի միջև», - գրում է Ռագըփ Դուրանը:
Ըստ նրա՝ չվավերացնելով Հայ-թուրքական արձանագրությունները՝ երկու երկրների խորհրդարաններն էլ «ջուրը գցեցին» նրա ջանքերը: «Ազնավուրի հետևից արտասվում էին Փարիզն ու Երևանը և տասնյակ այլ քաղաքներ: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչու թուրքերն Ազնավուր չունեն...», - ֆրանսահայ շանսոնյեին նվիրված իր գրվածքն է ավարտել թուրք մտավորականը: