Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աժ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։ Հոկտեմբերի 6-ին, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը, փոխանցում է Քննչական կոմիտեն։ Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը, նրան վիրահատել են:
«Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ», - հաղորդում է Քննչական կոմիտեն, խոստանալով լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել։