Ֆրանսիայի տաղավարը Ֆրանկոֆոնիայի ավանում գործում է «Հնարավորությունների ֆրանսերեն» ոգով՝ ներկայացնելով ներկայիս Ֆրանսիան: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում կազմակերպված ավանում Ֆրանսիայի տաղավարի պաշտոնական բացումը կայացավ հոկտեմբերի 7-ին: «Ֆրանսիայի տաղավարը ստեղծվել է «Հնարավորությունների ֆրանսերեն» ոգով, որովհետև ֆրանսերենն այդպես է բնորոշում նախագահ Էմանուել Մակրոնը: Մենք փորձել ենք այս տաղավարում ֆրանսերենը ցույց տալ իր բոլոր տարրերով: Այստեղ կարելի է տեսնել թվային տեխնոլոգիաներ, վիրտուալ իրականություն, տեսախաղեր»` նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի կցորդ Լենա Գյուլխասյանը: Ֆրանսիայի տաղավարում կա նաև հատուկ տարածք՝ նվիրված գործարարությանը, որտեղ բոլոր ֆրանկոֆոն գործարարները կարող են հանդիպել, կազմակերպել տարբեր սեմինարներ: Ներկայացված է նաև Ֆրանսիայի զարգացման գործակալությունը, որի հետ կարելի է բիզնես-քննարկումներ կազմակերպել: Տաղավարում կա նաև արհեստներին նվիրված տարածք:
Տաղավարում են ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ուսանողները, ովքեր անում են վարսահարդարության, խոհարարության ցուցադրություններ: Կան նաև Հայաստանում ֆրանսիական կրթական ցանցի ներկայացուցիչներ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, դպրոցը։ Նրանք ներկայացնում են իրենց կրթական ծրագրերը, գործունեությունը Հայաստանում։
Տաղավարում գործում է առանձին սրահ՝ կոնֆերանսների համար: Քննարկումներ են լինելու բիզնեսի վերաբերյալ, թատերական ոլորտի, լեզվի վարպետության:
«Այս տաղավարով ուզում ենք ցույց տալ այսօրվա Ֆրանսիան, որ և մշակութային, և գործարար երկիր է: Ներկայացնում ենք ողջ բազմազանությունը»,- ընդգծեց Գյուլխասյանը: