«Դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալը վտանգավոր քայլ է»` խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ շեշտելով, որ «դրա արդյունքում կարող ենք ունենալ միահեծան Ազգային ժողով», և չի կարող ձևավորվել իրական ընդդիմություն։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի 1-ին հանդիպման ընթացքում շեշտել է, որ ինքը կարող է երաշխավորել, որ վարչապետի այլ թեկնածու չի առաջադրվի, եթե ընտրությունները մայիս-հունիսին լինեն, դեկտեմբերին նման երաշխիք տալ ինքը չի կարող, և այդ մասին նաև ասել է հոկտեմբերի 2-ին՝ Փաշինյանի հետ խորհրդարանում հանդիպման ընթացքում։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց՝ եթե Փաշինյանը պնդի, որ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, և այդ հարցի շուրջ ոչ մի բանակցություն տեղի չի ունենալու, այդպիսի բանակցություններն իմաստ չունեն, բանակցություն նշանակում է գնալ փոխզիջումների, եթե չկա փոխզիջում, չկա բանակցություն: «Բայց եթե արդեն իսկ նախօրոք տրված է՝ «մենք գնում ենք բանակցության դեկտեմբերի համար», մենք պատրաստ չենք նման բանակցությունների։ Եթե մենք գնում ենք բանակցության ճանապարհային քարտեզը ստեղծելու համար՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, նաև ժամկետները քննարկելու կառավարության ծրագրի շրջանակներում, դա էլ եմ նշում, մենք պատրաստ ենք գնալ բանակցությունների։ Բայց մեկ կետով արդեն որոշված դեպքի համար, իմ քաղաքական ուժը, որի հետ ես խորհրդակցել եմ, նրանք պատրաստ չեն նման բանակցությունների գնալու։ Իսկ, նորից եմ կրկնում, բանակցությունը նշանակում է կոնսենսուս, նշանակում է փոխզիջում, նշանակում է միասնական որոշում կայացնել։ Եթե կան նման բանակցություններ, մենք պատրաստ ենք հենց այս պահից գնալ բանակցությունների», - ասաց Բաղդասարյանը։ Նրա պնդմամբ, իրենք որևէ պայմանավորվածություն չեն խախտել, Նիկոլ Փաշինյանն ինքն է միանձնյա որոշել արտահերթ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին և իրազեկել է հոկտեմբերի 2-ին՝ խորհրդարանում քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Բաղդասարյանի, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխության քվեարկության համար երեկոյան արտահերթ նիստ անելու իրենց որոշումը պայմանավորված է եղել Փաշինյանի հենց այդ հայտարարությամբ։