«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԱԺ ճեպազրույցներում շեշտեց՝ քաղաքական բոլոր ուժերը պետք է շատ հստակ հայտարարեն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում պատրաստվու՞մ են վարչապետի թեկնածու առաջադրել, թե՞՝ ոչ, համաձա՞յն են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին:
Այս հարցերի պատասխանները խիստ անհրաժեշտ պայմաններ են բանակցությունների համար: Հարցին, թե իրենք չե՞ն ստացել հավաստիացում, որ խորհրդարանական ուժերը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում չեն առաջադրի վարչապետի իրենց թեկնածուին, Նազարյանը պատասխանեց. «Ոչ, ես կարծում եմ, որ պետք է դա շատ ուղիղ տեքստով ասել, ոչ թե տարբեր կերպ աջակցություն հայտնել հեղափոխությանը, կամ վարչապետին»։ Նա կոչ արեց պատգամավորներին՝ սթափ գնահատել իրավիճակը, հասկանալ, որ պատասխանատու են այս պատմական պահի համար և վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում իրենք ճոճելու են այն նավակը, որի մեջ իրենք են գտնվում:
Նազարյանն անգամ կոչ արեց պատգամավորներին՝ դեմ գնալ իրենց կուսակցությունների և խմբակցությունների որոշումներին։ «Ես նույնիսկ կոչ կանեի իմ գործընկերներին՝ գործել իրենց կուսակցության շահի դեմ և իրենց կուսակցության դեմ անգամ, եթե համաձայն չեն, անհատները նկատի ունեմ խմբակցությունների, երբ իրենց խմբակցությունը թեկնածու առաջադրի։ Այստեղ ես կարևորում եմ յուրաքանչյուր պատգամավորի դիրքորոշումը և լավ կլինի, որ պատգամավորներն արդեն սկսեն խոսել դրա մասին», - ասաց Նազարյանը։