ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Կառավարությունն առաջիկայում առաջնահերթ է համարելու հենց պրոֆեսիոնալիզմը

Նիկոլ Փաշինյան. Կառավարությունն առաջիկայում առաջնահերթ է համարելու հենց պրոֆեսիոնալիզմը
08.10.2018 | 23:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական է համարում Ֆելիքս Ցոլակյանի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակումը: ԱԻՆ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարարին` նա ասաց.
«Պարոն Ցոլակյանը մեր պետական կառավարման համակարգում նոր մարդ չէ, երկար տարիներ աշխատել է Ազգային անվտանգության համակարգում, ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Այս նշանակումը խորհրդանշական եմ համարում, որով ցանկացել եմ ընդգծել, որ վերջին քաղաքական պրոցեսների ընթացքում և առաջիկայում սպասվող ԱԺ ընտրություններից հետո պետք է խնդիր դնենք, որ մեր պետության զարգացման գործում համախմբենք երկրում առկա ողջ պրոֆեսիոնալ ներուժը: Կառավարությունն առաջիկայում առաջնահերթ է համարելու հենց պրոֆեսիոնալիզմը»: Վարչապետը կարևորեց Ցոլակյանի հեղափոխական ակտիվիստ չլինելը. «Նրա նշանակումը նախարարի պաշտոնում շատ դրական արձագանք է ստացել, ինչը նշանակում է, որ հանրությունը նույնպես ընկալում է և ընդունում տրամաբանությունը, որ կա գծեր գծելու ժամանակը և կա դրանք ջնջելու ժամանակը: Հիմա թևակոխում ենք մի շրջան, երբ պետք է ավարտենք գծեր գծելու ժամանակը և թևակոխենք դրանք ջնջելու փուլ»:
Ֆելիքս Ցոլակյանը ՀՀԿ միակ պատգամավորն էր, որ հակառակ խմբակցության որոշմանը՝ մայիսի 1-ին քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին և լքեց խմբակցությունը: Ցոլակյանը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ուժային կառույցներում, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալն է եղել, մինչ պատգամավոր ընտրվելը՝ Շիրակի մարզպետը:


Այսօր Նիկոլ Փաշինյանը նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարար Գարեգին Բաղրամյանին, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏԿՏՏ) նախարարության աշխատակազմին՝ նախարար Հակոբ Արշակյանին: Վարչապետն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ էներգետիկայի ոլորտում ձևակերպված խնդիրը չի փոխվում․ «Մեր մեծագույն խնդիրը մեր էներգետիկ համակարգը և ընդհանրապես ոչ միայն էներգետիկ, այլև բնական պաշարների կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելն է: Այս առումով կարող ենք արդեն համարել, որ գործնական փուլ ենք մտել»:


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարին դիմելով էլ Փաշինյանն ասել է, որ նա պետք է համարվի Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու քաղաքականության իրականացման թիվ մեկ պատասխանատուն: «Մեր խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ Հայաստանի Հանրապետությունն ագրարային-հանքարդյունաբերական-խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող երկրի», - հայտարարել է վարչապետը:

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ