Հատուկ Քննչական ծառայությունը չի շտապում մանրամասներ հաղորդել գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին ձերբակալելու հանգամանքների և հիմքերի վերաբերյալ։ Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ լրատվական ծառայությունից փոխանցել են, որ նպատակահարմար չեն գտնում բացատրել, թե ինչու և ինչ հիմքերի հիման վրա է ձերբակալվել Սամվել Մայրապետյանը։ «Սամվել Մայրապետյանի ձերբակալության և նրան առնչվող քրեական գործի հանգամաքների մասին մենք տեղեկություն չենք տրամադրում»` ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ըստ նախնական տեղեկությունների, Մայրապետյանի ձերբակալությունը Մարտի 1-ի քրեական գործի հետ կապ չունի։ Շուտով կավարտվի Մայրապետյանի ձերբակալության համար օրենքով սահմանված ժամանակը, հայտնի չէ՝ նրան մեղադրանք առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ։