Ամփոփելով Հայաստանում իր դիվանագիտական գործունեությունը, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է. «Ուզում եմ հստակ լինել՝ ես պայծառատես չեմ։ Սոցիալական հարթակներում շատ շահարկումներ հնչեցին, բայց ոչ ես, ոչ ԱՄՆ դեսպանատունը չէինք կանխատեսել ապրիլ-մայիսի իրադարձությունները, բայց երբ ես խոսում էի մարդկանց հետ Հայաստանի տարբեր մասերում, տեսնում էի նրանց շրջանում մեծացող հուսախաբությունը, վրդովմունքը։ Մարդիկ կարծում էին, որ Հայաստանում կառավարությունը չի ներկայացնում ժողովրդի կամքը, կարծում էին, որ թույլ է տալիս կոռուպցիա լինի, որը վտանգում է ժողովրդավարությունը։ Փոփոխության հանրային պահանջն օդում էր ու բոլորս հասկանում ու տեսնում էինք դա։
«Իմ Քայլը» շարժումը, մենք կարծում էինք, որ կարող էր փոփոխության գործակալ դառնալ։
Վաշինգտոնը հասկանում էր, որ փոփոխությունը ճանապարհին է», - ասաց Ռիչարդ Միլսը։ Նա ընդգծեց՝ սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ տեղի ունեցած իրադարձություններում կա արտաքին ազդեցություն: «Նրանք, ովքեր ասում են, որ կա արտաքին ազդեցություն, դավադրություն, սխալվում են։ Նրանք ժխտում են հայ ժողովրդի ազատ կամքը, ժխտում են, որ ժողովուրդը ինքն է ցանկանում կերտել իր ճանապարհը», - ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանը: