«Փաստը» գրում է. «Փաստացի արդեն իսկ պարզ է, որ մինչև տարեվերջ Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իշխանական շրջանակներում ակտիվ քննարկվում է ընտրության կոնկրետ օրը: Ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և հանրապետության նախագահի հրաժարականն ընդունելու օրվանից: Տեսականորեն քննարկվում է երեք տարբերակ՝ դեկտեմբերի 2, 9 և 16: Առաջին երկուսը հնարավոր է, եթե վարչապետը հրաժարական ներկայացնի Ֆրանկոֆոնիայի
գագաթաժողովից անմիջապես հետո, ասենք՝ հոկտեմբերի 13–ին կամ 15–ին: Այս դեպքում հնարավոր կլինի ընտրություններն անցկացնել թե դեկտեմբերի 2–ին, թե 9–ին:
Դեկտեմբերի 9–ի առումով իշխանություններին անհանգստացնում է, որ քարոզարշավի վերջին օրը համընկնում է 1988-ի ավերիչ երկրաշարժի հերթական տարելիցի օրվա հետ, և այդ օրը հազիվ թե նպատակահարմար է ամփոփիչ հանրահավաքներ կամ այլ միջոցառումներ իրականացնել: Առավել հավանական են դառնում 2–ը և 16–ը, որ հնարավոր է, եթե Փաշինյանը հրաժարական ներկայացնի մի քանի օր ուշ, ասենք՝ եկող շաբաթվա վերջին»: